109 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։
109 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։
1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ:
1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: