Հասարակություն
Հունվարի 1-ից արտասահման մեկնելու համար ՀՀ անձնագրում կնիքի կարիք այլեւս չի լինի
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ուժը կորցրած ճանաչեց ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը՝ կնիքը:

2024թվականի հունվարի 1-ից այլևս ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա։

Նշվեց, որ սրա արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում (ելքի կնիք) կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք:

«Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք և 2023 թվականի առաջին կիսամյակը, չհաշված պիկ ամառային հատվածը՝ արդեն 303 հազար գործարք ենք ունեցել»:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։
| Print |