Տնտեսություն
Առանց հաճախորդի մնացած Ախալցիխեի շուկան
Կիրակին Ախալցիխեում այլ կերպ կոչվում է նաեւ շուկայի օր: Գյուղացիները բերքը բերում են քաղաք վաճառքի: Աշխատած գումարով փորձում են ձեռք բերել տան սպառված պաշարներն ու լրացնել առաջացած պակասը: Եթե ապրանքը լավ գնով է վաճառվում, կարող են նաև քաղցրավենիք գնել երեխաների համար: Դրա համար ցուրտ կամ շոգ եղանակային պայմաններում մարդիկ ժամերով կանգնում են բաց երկնքի տակ և սպասում հաճախորդներին:

Կիրակի օրերը գյուղից Ախալցիխեի շուկա հաճախող բնակիչները ամեն անգամ հանդիպում են փոփոխված գների: Չնայած թանկացած ապրանքին, իրենց բերքը վաճառում են նույն գնով, որպեսզի ստիպված չլինեն ապրանքը հետ տանել և սպասել մինչև հաջորդ կիրակի: Ֆերմերների տնտեսական իրավիճակը համաճարակն էլ ավելի բարդացրեց: Մեսխեթում կարծում են, որ կա միայն մեկ լուծում՝ պետությունը պետք է սահմանափակի արտասահմանից այն ապրանքի ներկրումը, որոնք աճեցվում են Վրաստանում: Ներմուծված ապրանքատեսակները տեղացիներին թույլ չեն տալիս վաճառել բերքը:Վալեում բնակվող Ռամազ Խիթարիշվիլիի ամենշաբաթյա ռեժիմը, Ախալցիխեի ագրարային շուկայում կաղամբ, կարտոֆիլ և բազուկ վաճառելն է: Հողամասերում աճեցնում է մինչև 10 տոննա կաղամբ, մինչև հինգ տոննա կարտոֆիլ և բազուկ: Ասում է, որ համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացու արտադրանքը էժանացել է, իսկ ներմուծվող արտադրանքն ընդհակառակը՝ թանկացել: Իրավիճակն ավելի է բարդացնում այն փաստը, որ բնակչության մի մասը կորցրել է աշխատանքը և, համապատասխանաբար, եկամուտը:

«Մարդիկ շատ են դժվարանում, հաճախ 5-10 թեթրիով եմ վաճառում ամեն ինչ, քանի որ ավելին վճարելու հնարավորություն չունեն: Դժվար է ընթանում նաև վաճառքը: Տոնաներով բերք է փչացել, ոչ գնող կա, ոչ էլ ուտող, ի՞նչ անեմ»,- մտահոգված է Ռամազ Խիթարիշվիլին:
Տնտեսական ճգնաժամի պատճառով նա այլեւս չի կարող վճարել բանկում վերցրած վարկը: Ռամազն ասում է, որ պետությունը պետք է օգնի ֆերմերներին, այլապես գյուղերում փակ տների թիվն էլ ավելի կշատանա:

«Խորհրդարանում միայն աղմուկ-աղաղակ է, վիճաբանում են միմյանց հետ: Ինչպե՞ս կարող են նրանք ինչ-որ բանում օգնել գյուղացիներին, բայց չէ որ նրանք մտան խորհրդարան ՝ մեր շահերը պաշտպանելու համար», - ասում է Ռամազ Խիթարիշվիլին:
64-ամյա Նիկոլոզ Գաբելաշվիլին գրեթե ամեն օր Վալեից հասնում է Ախալցիխեի ագրարային շուկա՝ իր արտադրանքը վաճառելու համար: Ամեն տարի տոննաներով բերք է հավաքում, բայց արդեն երկրորդ տարին է, ինչ չի կարող վաճառել: Նա ասում է, որ համաճարակի պատճառով բնակչության մի մասը մնացել են գործազուրկ կամ կորցրել են իրենց եկամուտը, ինչի պատճառով շուկայում գնորդների քանակը կրճատվեց:

«Կաղամբը փտում է, մենք ոչինչ չենք կարող վաճառել: Ամեն ինչ թանկացավ ՝ հացը, ձեթը, շաքարը, ալյուրը: Եկամուտը նվազում է: Վախենում ենք յուրաքանչյուր օրվա լուսաբացից: Մարդիկ կոպեկներ են հաշվում ապրանքը գնելուց»,
- ասում է Նիկոլոզ Գաբելաշվիլին:
Եթե ցանկանում եք գնել պաստեղ, չուրչխել, օղի կամ ընկույզ, ապա շուկայի ելքի մոտ պետք է այցելեք 76-ամյա հյուրընկալ տատիկին: Նա նույնպես ամեն կիրակի գնում է շուկա: Տարեց ամուսիններին թոշակը չի հերիքում թանկացած ապրանքներ և դեղեր գնելու համար: Այս պատճառով, նրանք ստիպված են իրենց այգում աճեցված բերքը վաճառել և եկամուտի փոքր աղբյուր հնարել:
«Նախորդ տարվա համեմատ ամեն ինչի գինը կրկնապատկվել է, ես դեռ ոչ մի բանի գին չեմ բարձրացրել: Կյանքն այնքան է թանկացել, որ մարդիկ այլեւս ոչինչ չեն կարող գնել»:
Ադիգենի գյուղ Խարջամից ամեն կիրակի, կնոջ հետ միասին, Ախալցիխեի շուկայում կարող եք տեսնել Մամուկա Մաղլակելիձեին: Յոթ երեխաների ծնողներն օգտվում են պետական աջակցությունից, բայց հաճախ գումարը չի հերիքում երեխաների համար անհրաժեշտ դեղամիջոցներ գնելու համար: Յոթից 5 երեխաներն ունեն գենետիկական հիվանդություններ: Մաղլակելիձեները չունեն իրենց սեփական հողամասը, այդ իսկ պատճառով վարձաակալում են և ստացած եկամուտը կիսում հողամասի տիրոջ հետ: Մնացած բերքը վաճառում են Ախալցիխեի շուկայում և աշխատած գումարով, բազմազավակ ընտանիքին ապահովում ամենօրյա սնունդով:

«Ընտանիքում շատ ենք, ամեն ինչ թանկացել է և տարրական պրոդուքտ անգամ գնել չենք կարող: Պետության օգնությունը ոչ մի հարցում չի հերիքում: Կյանքն օրեցօր վատանում է»,- կյանքի դժվարություններից խոսում է Մամուկա Մաղլակելիձեն:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցման համաձայն, բնակչության 38% -ն ասում է, որ գործազուրկ են, 29% -ը աշխատում են կես դրույքով, իսկ 14% -ը ինքնազբաղ են: Հարցումն անցկացվել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ից 24-ը:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |
თეგები: խնդիր /