Իրավունք
Ախալքալաքի բնակիչը դատապարտվել է «հարսնացուի առևանգումը» պարտակելու համար
Փետրվարի 17-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2019թ.-ի դեկտեմբերին «հարսնացուի առևանգման» փաստը թաքցնելու համար Ախալքալաքի շրջանի բնակիչ Գ.Ի.-ին դատապարտել 1 տարվա պայմանական անազատության և 2000 լարի տուգանքի:
Ախալքալաքի շրջանային դատարանից պարզաբանեցին, որ հանցագործության ցանկացած պարտակում քրեորեն պատժելի է և այս հանցակազմի հատկանիշները նախատեսված է Վրաստանի Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով՝ «Հանցագործության պարտակում» և քննվում է սույն հոդվածի համաձայն:
Գ.Ի.-ն իր մոտ 2019թ.-ի դեկտեմբերին ընդունել էր առևանգված հարսնացուին և առևանգողներին ու փորձել է համոզել աղջկան ամուսնանալ առևանգողի հետ:
Ախալքալաքում նման արարքը հասարակության կողմից դիտարկվում է որպես ընտանիքի ստեղծմանը նպաստող քայլ և չի ընկալվում որպես հանցագործություն: Սակայն, Վրաստանում աղջկա առևանգումը համարվում է հանցավոր արարք` «Ապօրինի ազատազրկում», չնայած ընտանիքի ստեղծման նպատակին, իսկ այն մարդիկ, ովքեր պարտակում են հանցանքը կամ նպաստում դրան, նույնպես պատասխանատվության են ենթարկում:
Գ.Ի.-ն դատապարտվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ծանր հանցագործությունների նախապես չխոստացած պարտակում», որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Դատավարության ժամանակ, սակայն, ձևակերպվել է դատավարական համաձայնագիր, պատիժը պայմանական պատժի և տուգանքի տեսքով է ընդունվել: Վերջին տարիներին սա դատապարտման առաջին դեպքն է՝ «հարսնացուի առևանգումը» պարտակելու համար, նախկինում «պարտակողներին» պատասխանատվության չէին ենթարկում:
Այս դեպքը՝ «հարսնացուի առևանգումը», տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Աղջկան առևանգած երիտասարդները դատապարտվել էին «Ապօրինի ազատազրկում» հոդվածով՝ նախնական կալանքը կրելուց հետո նրանք ազատ էին արձակվել, որպես պատիժ ստանալով՝ պայմանական անազատություն և տուգանք՝ տարբեր մասնակիցները՝ տարբեր չափերով:
Jnews.ge
Տարածեք :