«Վրաստանը Եվրոպայում է, իսկ մենք դեռ աթար ենք վառում»,- գյուղացիների հոգսը
28.10.2020
Ախալքալաքից մոտ 20կմ հեռավորությամբ գտնվում է գյուղ Փոքր Սամսարը: Տեղացիները բողոքում են ծանր սոցիալական և տնտեսական իրավիճակի պատճառով: Ասում են, որ իշխանությունը նրանց հիշում է միայն նախընտրական փուլում: Իսկ տարիներն անցնում են, ամեն ինչ զարգանում է, սակայն գյուղը շարունակում է տաքանալ աթարով:
Եթե Փոքր Սամսարի բնակչությանը հարցնենք գյուղի գլխավոր խնդրի մասին, հիմնականում կնշեն բնական գազը, խմելու ջուրն ու կարգավորած ճանապարհի պակասը: Գյուղում այժմ ապրում է 77 ընտանիք: Ըստ տեղացիների՝ դեռ մինչև 2 000 թվականը, գյուղում ապրում էր 200-ից ավելի մարդ, սակայն ծանր պայմանների պատճառով բնակչության մեծ մասը ստիպված է լքել Փոքր Սամսարը:
«Հարևան գյուղերում՝ Իխտիլայում և Մերենյայում բնական գազ ունեն, բայց Մեծ և Փոքր Սամսարում՝ չունենք: Չնայած այս գյուղերի միջև տարբերությունը 6կմ է: Այս տարի կարտոֆիլն էլ կարկտահարվեց, բայց ուշադրություն ոչ ոք չդարձրեց: Մենք ապրում ենք սարի լանջին, ավելի ճիշտ՝ գոյություն ունենք, սա ապրուստ չի կոչվում»,- ասում է Ռոման Ավագյանը:
Գազ և ճանապարհ մենք չունենք, տաքանում ենք աթար վառելով, ցիվիլ ժողովրդի նման ինչու՞ չպետք է ապրենք ,- հայտարարում են տեղացիներն ու բողոքում իշխանության անուշադրությունից: 2014 թվականի մարդահամարի համաձայն, գյուղում ապրում է 365 մարդ: Փոքր Սամսարը գտնվում է Սամսար սարի հարակից տարածքում, ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա:
«21-րդ դարում, քաղաքում 600-700 լարի գազով են տաքանում, իսկ Սամսարում, որտեղ ձմեռը երկարաձգվում է առնվազն 8 ամիս, գոնե 2 500 լարի վառելանյութ է հարկավոր տաքանալու համար: Առաջադիմություն չկա ոչ մի ոլորտում, ավելի շատ հետ ենք գնում: Տեսեք ինչ ոգբերգություն է: Շատ քիչ ջուր ունենք, իսկ ճանապարհ՝ ընդհանրապես: Այսքան տարիների ընթացքում անգամ տենդեր չեն հայտարարել, որ գոնե ճանապարհը վերանորոգեն: Գազի մասին անգամ չարժե խոսել: Մարդիկ արդեն ծիծաղում և ծաղրում են մեզ, ասում են «Նրանք թող աթարով տաքանան, միևնույն է սամսարցիներ են»,- ասում է Հովհաննես Խաչատուրյանը: «Գյուղի առաջնային խնդիրը գազն է: Ամբողջ Ախալքալաքն ունի, բացի մեզանից: Երբ գազը բերեցին Ջավախք, այդ ժամանակ էլ խնդրեցինք, ստորագրություններ էլ հավաքեցինք, բայց ո՞վ է հիշում մեր մասին: Միայն նախընտրական փուլում են հիշում: Կառավարությունը գալիս է այն ժամանակ, երբ մեր ձայներն են ուզում, տարիներ շարունակ միայն խոստանում են, բայց գազ չեն բերում: Վրաստանն ուզում է Եվրոպա դառնալ, բայց մենք դեռ աթար ենք վառում»,- ասում է Ռոման Ավագյանը:
1829–1830 թվականներին Կարինի (Էրզրումի), մասամբ՝ Արդահանի և Խնուսի գավառներից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալքալաքի շրջակայքում՝ հիմնադրելով մոտ 50 գյուղ։ Հենց այս ժամանակաշրջանից գոյություն ունի Սամսար գյուղը: Մոտ դարավոր գյուղում ասում են, որ դրությունը հիմնականում անփոփոխ է: Բնակչության խնդիրների մասին տեղյակ են Ախալքալաքի քաղաքապետարանում, սակայն ասում են, որ նրանք կախարդական փայտիկ չունեն:
«Ոչ միայն Փոքր Սամսարում, այլ Ախալքալաքի մունիցիպալիտետի 22 գյուղում գազ չկա: Սա այն գյուղերն են, որտեղ գազի ընկերությանը ձեռնտու չէ վճարել ծախսերը: Սա է հիմնական պատճառը: Դպրոցը երկու Սամսարում էլ վերանորոգեցինք, ճանապարհն էլ վերանորոգվեց, որի համար մոտ մեկ միլիոն լարի ծախսվեց: Սանհանգույցն էլ կվերանորոգվի: Հիմա Մեծ Սամսարում ընթանում են կամուրջի վերակառուցման աշխատանքերը, որը ուժեղ կարկուտից քանդվել էր: Ախալքալաքն ունի 65 գյուղ, այստեղից փորձում ենք գոնե մեկական խնդիր լուծել յուրաքանչյուր գյուղում: Ինչ կարող ենք, անում ենք, մեկ ձեռքի շարժումով գյուղում ամեն ինչ չի լուծվում»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ՝ Շալվա Բալախաձեն:
Փոքր Սամսար գյուղը, ի տարբերություն տարածաշրջանի մյուս գյուղերի, առանձնանում է հետաքրքիր քարանձավներով: Քարանձավներից մեկում կան փոքրիկ քարե խաչեր, սրբապատկերներ և ռուսերեն «Աստվածաշունչ», որոնք տեղացիները անվանում են «Ռուսական տաճար» և այցելուներին համոզում, որ դա XI դարի բյուզանդական շինություն է: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: