Գյուղատնտեսություն
Հողատարածքները՝ անձրևի հույսին - ոռոգման սեզոնը և խնդիրները Ախալցիխեում
Ախալցիխեի գյուղերի մի մասում արդեն տասնյակ տարիներ ոռոգման ջուր չունեն: Ֆերմերները հողը մշակում են գարնանը՝ անձրևի հույսով: Եթե հուլիսի շոգ օրերին գյուղում առատ տեղումներ չլինեն, տեղացիները բերք չեն ստանա: Ոռոգման ջուր չունեցող գյուղերում ֆերմերները ստիպված են հրաժարվել կարտոֆիլից և լոբուց և ցանել այնպիսի հատիկային մշակաբույսեր, որոնք ջրելու կարիք չունեն:

Ախալցիխեի մունիցիպալիտետում ոռոգման համակարգի մի մասի համար պատասխանատու է քաղաքապետարանի կողմից հիմնադրված Ջրամատակարարում և ջրահեռացում կազմակերպությունը: Նրա տարեկան բյուջեն 1 միլիոն 175 հազար լարի է, որից 775 հազար լարին պետք է ծախսվի Ախալցիխեի գյուղերի ոռոգման և խմելու ջրի համակարգերի և արհեստական լճի պահպանման և վերականգնման վրա: Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնակառավարման մարմինը ղեկավարում է 10 պոմպակայան: Քաղաքապետարանը մի քանի պոմպակայանների վերականգնման համար այս տարի ծախսում է մինչև 1 միլիոն 700 հազար լարի:
| Print |