Հասարակություն
Թբիլիսին բացվել է։ Ի՞նչն է թույլատրված, և ի՞նչն է դեռ արգելված
Թբիլիսին, որը կարանտինի էր փակվել ապրիլի 15–ից կորոնավիրուսի համավարակի պատճառով, բացվել է մայիսի 11–ին։ Դա նշանակում է, որ այժմ արդեն քաղաքի մուտքն ու ելքն ազատ են։

Վրաստանում մայիսի 12-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 639 դեպք, 349 մարդ ապաքինվել է, արձանագրվել է 11 մահ: Կարանտինի ռեժիմում է 4769, հատուկ վերահսկողության ներքո` 414 մարդ:

Բացի այդ, մայիսի 11–ից չեղարկվել էին մյուս սահմանափակումները, որոնք պարտադրվել էին Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։

Ի՞նչն է թույլատրված այսօրվանից

  • Վրաստանում վերագործարկվել է բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքը։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, վերագործարկվել էին միայն շինարարական ընկերությունները։
  • Բաց են մանրածախ և մեծածախ խանութների բոլոր տեսակները, որոնք փողոցից առանձին մուտք ունեն։ Բացառություն են հոգուստի և կոշիկի խանութները։ Օրինակ՝ գրքերի, խաղալիքների, կոսմետիկայի, մարզական խանութներն արդեն բաց են։ Ավելի վաղ՝ մայիսի 5–ին, բացվել էին գյուղատնտեսական շուկաները։
  • Աշխատանքը վերսկսել են ավտոսերվիսներն ու ավտոլվացման կետերը։Աշխատում են նաև կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայությունները։
  • Բացվել են Արդարադատության տները, որտեղ տրամադրվում են բոլոր տեսակի փաստաթղթերը։ Սակայն կանոնները փոխվել են, և այժմ այցերը պետք է նախապես առցանց ամրագրել։

Ի՞նչն է դեռ արգելված

  • Վրաստանում դեռ փակ են Մառնեուլի, Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները։ Ռուսթավին և Գարդաբանին բացվելու են մայիսի 14–ին, Մառնեուլին՝ մայիսի 18–ին։
  • Խոշոր առևտրի կենտրոնները փակ են։
  • Չեն բացվել նաև հագուստի և կոշիկի խանութները։
  • Չեն գործում գեղեցության սրահներն ու էսթետիկ կենտրոնները (ակնկալվում է, որ դրանք կբացվեն հունիսի 8–ից)։
  • Ատամնաբուժարանները չեն աշխատում։
  • Տարբեր գրասենյակների աշխատակիցներ նախկինի պես հեռահար են աշխատում։
  • Փակ են դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը։ Դրանք այս կիսամյակ էլ չեն բացվելու։
  • Չեն աշխատում զվարճանքի կենտրոնները, կինոթատրոնները, սրճարաններն ու ռեստորանները (բաց սրճարանները պլանավորվում են բացել հունիսի 8–ին, փակ ռեստորանները պետք է բացվեն հունիսի 22–ին)։
  • Հանրային տրանսպորտը չի գործում, այդ թվում՝ չի աշխատում մետրոն։ Միայն տաքսիներն են աշխատում։ Միջքաղաքային տրանսպորտը նույնպես չի աշխատում։
  • Տեղաշարժվել կարելի է միայն մարդատար ավտոմեքենայով և որոշակի կանոնների պահպանմամբ։ Արգելքի տակ է մեքենայում երեք հոգուց ավելի գտնվելը (ներառյալ երեխաներին), պետք է լինի վարորդը, երկու ուղևոր հետևի նստարանին։ Արգելված է դիմացի նստարանին ուղևոր նստեցնելը։
  • Ուժի մեջ է մնում պարետային ժամը 21:00–ից մինչև 06:00–ն։
  • Փակ են հյուրանոցները, դրանք չեն կարողանում հյուրեր ընդունել։ Ներքին զբոսաշրջությունը բացվում է հունիսի 15–ից, այդ օրվանից հյուրանոցները կարող են հաճախորդներ ընդունել։
  • Վրաստանի երկինքը դեռ փակ է։ Միզգային չվերթները պլանավորվում է վերսկսել հուլիսի 1–ին։ Այդ օրվանից էլ Վրաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների։

| Print |