Հասարակություն
400 զոհ, 47 զրահատեխնիկա, 36 ԱԹՍ. Ադրբեջանի կորուստները կրկին ավելացել են. Սարգսյան
Արցախում մարտական գործողություններ են ընթանում հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։

Հակառակորդի կորուստները կրկին ավելացել են։ Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 անձնակազմի անդամ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Այս պահին մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ շարունակվում են։ Հայկական կողմը պաշտպանական համառ մարտեր է մղում»,–ասաց Սարգսյանը։

Նա ասաց, որ վերոհիշյալ ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը մոտ 200 վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
| Print |