Ինչպե՞ս են գյուղերում բազմաթիվ խնդիրներից ընտրում փոքր բյուջեին հարմարեցված նախագիծը
21.02.2023
Ախալցիխեում արդեն ընտրվել են «Գյուղի աջակցության ծրագրով» ֆինանսավորվող ծրագրերը։ Սա միակ ծրագիրն է, որտեղ քաղաքացիները ներգրավված են և հնարավորություն ունեն առաջադրելու ֆինանսավորվող նախագծերը։
Քաղաքապետարանի 46 բնակավայրերի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 612 հազար լարի։ Սրան ավելանում է տեղական բյուջեի ֆինանսավորումը։ Նախագիծն ընտրում է գյուղի բնակչությունը՝ ձայների մեծամասնությամբ։
Ախալցիխեի Մեծ Պամաջ գյուղը «գյուղին աջակցության ծրագրով» ստացել է 16 000 լարի, իսկ տեղական բյուջեից հատկացվել է մոտավորապես 30 000 լարի։
Ընդհանուր ժողովին, որին մասնակցում էին Ախալցիխեի քաղաքապետի և Սակրեբուլոյի պատգամավորները, ինչպես նաև ենթակառուցվածքի ծառայության ղեկավարը, բնակչությունը պետք է որոշեր առաջնահերթությունը։
Փոքր բյուջեն թույլ է տալիս ֆինանսավորել միայն մեկ ծրագիր, չնայած գյուղում բազմաթիվ խնդիրներ կան։
«Եթե ճանապարհը ասֆալտապատ է, ջրանցք է պետք, ջուրը հոսում է ասֆալտի վրայով, փչանում է, կողքին ջրահեռացման ցանց անհրաժեշտ չէ՞ր»:
«Քանի տարի է՝ ամբողջ գումարը ծախսվում է խմելու ջրի վրա, բայց ջուր չկա։ Գետնի տակ խողովակներ են դրել, բայց այնտեղ մի կաթիլ ջուր չի անցել»։
«Մեկ տարի է՝ աղբամաններ ենք խնդրում, չկան։ Երկու աղբաման բերեն՝ մեկը մարզադաշտի մոտ, մյուսը՝ գերեզմանոցի մոտ տեղադրեն»։
«Արտաքին լուսավորությունը դեռ պետք է տեղադրվի մի փողոցում, միգուցե այս տարի դա ընտրենք»,- հանդիպմանը հնչեցին տեղացիների առաջարկները։
Մեծամասնության որոշմամբ՝ այս տարի գումարը կուղղվի ճանապարհի վերանորոգմանը, սակայն չլուծված են մնում ջրի խնդիրը, չկարգավորված ենթակառուցվածքները եւ այլ սոցիալական խնդիրները։