Նորություններ
Ապօրինի շինությունների տուգանքները կներվեն
Վրաստանի խորհրդարանը ուսումնասիրում է օրենքի փոփոխություն, որի արդյունքում կզրոյանան տարածական ու ճարտարապետական նորմերի խախտման համար նշանակված տուգանքները։ Օրինագիծը կվերաբերի այն սուբյեկտներին, որոնք խախտել են օրենքն ու տուգանվել շինարարական նորմերի խախտման համար` մասնավորապես հանրային վայրում կամ հարակից տարածքում ժամանակավոր տնակի, շինության տեղադրման համար։ Այն անձինք, որոնք չեն վճարել տուգանքը կամ մասամբ են վճարել, ամբողջությամբ ազատվում են պարտավորությունից։ Օրենքի առաջ պատասխանատվությունից կազատվեն նաև նրանք, որոնց նկատմամբ գործ չի հարուցվել, կամ հարուցվել է, բայց վճիռ չկա։ Նյութն այս մասին տարածում է Ալիք Մեդիան:

Օրենքը վերանայելու առիթ է դարձել պանդեմիայով պայմանավորված ֆինանսական ծանր դրությունը։ Նախաձեռնողները նշում են, որ օրենքի կիրառումն ազդելու է տեղական բյուջեի վրա, քանի որ տուգանքների թիվը գերազանցում է 300 հազար լարին ( մոտ 93 հազար դոլար)։

Փոփոխությունների քննարկումը նախատեսված է արագ կարգով։

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, թե քաղաքապետարանը օրինագիծ է պատրաստում, համաձայն որի` ցանկացած ապօրինի շինություն կառուցելը համարվելու է քրեական հանցագործություն։

Վրաստանում ապօրինի շինությունների հարցը 90-ականներից է դրված, այդ ժամանակ հարցը չէր կարգավորվում օրենքով։ Մայրաքաղաքում տուն կառուցելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ, հետո ստանալ տան կառուցման պրոյեկտի թույլտվությունը։ Ապօրինի կառույցների խնդիրն ակտուալ դարձավ հատկապես 2020-ին․ քաղաքապետարանն ապամոնտաժեց Թբիլիսիի ծայրամասային` Աֆրիկա թաղամասում ապօրինի շինությունների մի մասը։ Պետությանը պատկանող տարածքներում կառուցված տների ապամոնտաժումն ուղեկցվեց տանտերերի ու ոստիկանության հետ բախումներով։ Քաղաքապետարանից ասացին, որ ապամոնտաժման համար ճիշտ ժամանակ էր ընտրվել, քանի որ տների կառուցումը չէր ավարտվել, ու ոչ ոք այնտեղ չէր բնակվում։
| Print |