Նորություններ
Թանկացած էլեկտրաէներգիա ՝ համաճարակի և գործազրկության հաջորդ փուլը
Համաճարակի ընթացքում, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովը բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացրեց: Ըստ այդմ, Սամցխե-Ջավախքում յուրաքանչյուր ընտանիք ստիպված կլինի վճարել երեք-չորս թեթրի ավելի: Սա կախված է նրանից, թե օգտատերը քանի կիլովատ էլեկտրաէներգիա է սպառում:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը առաջին հերթին բացասաբար կանդրադառնա բնակչության վրա: Տնտեսապես ոչ կայուն վիճակում գտնվող քաղաքացիները, թանկ ապրուստի պայմաններում, ստիպված են ամեն քայլափոխի վճարել լրացուցիչ ծախսեր: Ախալցիխեի բնակիչները չեն թաքցնում իրենց դժգոհությունը և պարզ ասում, որ համաճարակի և գործազրկության ժամանակ, սակագների բարձրացումը անարդարություն է: Բնակիչները վախենում են, որ թանկացած գնի պատճառով չեն կարողանա վճարել հարկը: Հատկապես ծանր վիճակում են մարդիկ, ովքեր ընդհանրապես եկամուտ չունեն:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կապել է համաճարակի և դրա պատճառով, ծանր իրավիճակում հայտնված էներգետիկայի ոլորտի հետ, ինչը, ըստ Նաթիա Թուրնավայի, բոլոր մյուս բիզնեսների ողնաշարն է:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կախված չէ պետությունից, քանի որ դա կարգավորողի իրավասությունն է», - ասաց Նաթիա Թուրնավան:

Ինչպես հաստատությունից են բացատրում, սակագների բարձրացումը տեղի ունեցավ միայն խիստ անհրաժեշտության պատճառով, հակառակ դեպքում Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը չէր կարողանա անփորձանք ծառայություններ մատուցել բնակչությանը:

«Մեր կողմից սահմանված սակագները արտացոլում են միայն այն ողջամիտ ծախսերը, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի հուսալի և անխափան մատակարարման համար», - ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ մինչեւ 2021 թվականը Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, քանի որ բարձրացված սակագները կսուբսիդավորի պետությունը:

«Վրաստանի կառավարությունը ամբողջությամբ սուբսիդավորելու է գործող սակագնի և բարձրացված սակագնի տարբերությունը մինչև 300 կվտ օգտագործող հաճախորդների համար», - ասում է Գիորգի Գախարիան:

Ոչ այդքան քննադատորեն է մոտենում հարցին տնտեսագետ՝ Ռոին Թաթեշվիլին: Նրա կարծիքով, որոշումն անխուսափելի էր, քանի որ համաճարակային ճգնաժամը խնդիր էր ստեղծում բոլոր ուղղություններով:

«Ընդունել են ծանր որոշում, բայց սա անխուսափելի էր: Քանի որ հարկերն աճել են բոլոր ուղղություններով: Պետությունը սահմանել է փոխհատուցում, որպեսզի գների բարձրացումը մեծ բեռ չհանդիսանա բնակչության համար»,- հայտարարում է Ռոին Թաթեշվիլին:

Տնտեսագետը ողջունում է պետության որոշումը: Ասում է, որ կառավարությունը փորձում է նպաստներ տրամադրել բնակչությանը, ցանկանալով նրանց դուրս բերել ծանր վիճակից: Այնուամենայնիվ, Ռոին Թաթեշվիլին վախով է մոտենում ապագայի վերաբերյալ հարցին, ըստ նրա, մեկ տարի անց թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք շատ մեծ դժվարության առջև կկանգնեն:

«Բարձրացված սակագինը բացասաբար կանդրադառնա ձեռնարկատերերի վրա, քանի որ պետությունը կփոխհատուցի նրանց հարկի ընդամենը 50% -ը: Կարծում եմ ՝ GNERC- ը շատ բարդ որոշում կայացրեց, բայց պետությունն այս որոշմանը այլընտրանքով մոտեցավ և իրականացրեց փոխհատուցում»,- բացատրում է տնտեսագետը:


Ռոին Թաթեշվիլին ասում է, որ Պետությունը կարող է սուբսիդավորել բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիան միայն մեկ տարի ժամկետով, և դա էլ, `արտերկրից վերցրած վարկի միջոցով:
Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը կայացրել է դեկտեմբերի 29-ին կայացած հանրային նիստում: Նոր սակագներն ուժի մեջ են մտել 2021 թվականի հունվարի 1-ից: Մինչ այժմ գործող սակագինը հաստատվել էր երեք տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրում էլեկտրաէներգիայի վճարները չէին փոխվել:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |