Նորություններ
Վրաստանը հրաժարվել է 3+3 հարթակի ռուս-թուրքական առաջարկից
Ապրիլի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հաղորդում է նախագահի աշխատակազմը։ Արդյոք այցը պլանավորված էր նախօրոք, թե դրա անհրաժեշտությունը առաջացել է որոշ իրադարձություններից ելնելով։

Վերջերս Վրաստանում փոխվել է կառավարությունը։ Երկրում սկսվել է բնապահպանական շարժում Ռիոնի գետի վրա թուրքական ընկերության կողմից ՀԷԿ կառուցելու դեմ։ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանն այդ շարժումը որակվել է որպես հակաթուրքական, նույնիսկ հակաիսլամական։ Թուրքիայի դեսպանը ցնցված էր, որ վրացիները խաչ էին օգտագործում թուրքական ընկերությանը աշխատանքներից հեռացնելու նպատակով։

Վրաստանը հրաժարվել է 3+3 հարթակի ռուս-թուրքական առաջարկից, որը նախատեսում է այդ թվում տարածաշրջանում կոմունիկացիաների բացում։ Վրաստանը համարում է, որ այդ պարագային կկորցնի իր տրանզիտային դերը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանը կտրականապես հրաժարվում է բացել կոմունիկացիաները Ռուսաստանի հետ, հայտարարելով, որ Մոսկվան մտադիր է Աբխազիան կցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Թբիլիսին չի թաքցնում իր մտահոգությունը Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես եկավ Կովկասում խաղաղության հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ, որը դրական արձագանք ստացավ ռուսական կրեմլամերձ շրջանակներում։ Նա հայտարարել էր, թե հաշվի առնելով նոր իրականությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում, Վրաստանը պետք է վերականգնի միավորողի իր պատմական դերը։

«Այդ նպատակով մենք կարող ենք սկսել մտածել Կովկասում խաղաղության հարթակի ստեղծման մասին, որը կմիավորի Կովկասյան երկրները, արտաքին դերակատարներին և միջազգային կազմակերպությունները։ Նման հարթակը կնպաստի ենթակառուցվածքների, տնտեսական և մշակութային համատեղ նախագծերի մշակմանն ու իրականացմանը»։

Ի՞նչ են քննարկելու Հայաստանի և Վրաստանի նախագահները։ Տարածաշրջանում նոր իրողությունները երկու երկրները դիտարկո՞ւմ են որպես հնարավորություն՝ դուրս գալու ռուս-թուրքական սխեմաներից և ստեղծել անվտանգության և լոգիստիկայի նոր համակարգ։ Արդյոք Հայաստանն ունի առաջարկներ։

Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Աբխազիան աստիճանաբար հարաբերություններ է կառուցում Վրաստանի հետ, որն իր հերթին փորձում է մերձենալ Աբխազիային, անձնագրեր և քաղաքացիություն է տալիս պարզեցված համակարգով, վարկեր է տրամադրում արտոնյալ տոկոսադրույքով։ Աբխազներից բացի, որոնք կազմում են բնակչության մոտ 50%, այստեղ ապրում են վրացիներ՝ ավելի քան 19% և հայեր՝ 18%։
| Print |