Նորություններ
Նինոծմինդայի պաշտոնյաների օրինախախտումները
Transparency International Georgia-ն (TI) հրապարակել է զեկույց, ըստ որի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 5 աշխատակիցների մոտ հայտնաբերվել են լրացված հայտարարագրերում խախտումներ, ինչպես նաև «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի խախտումներ:

Ներկայացնում ենք TI-ի զեկույցում հրապարակված տվյալները:

Կոնստանտին Վարդանյան

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Շրջանային ժողովի նախագահի տեղակալ

2020 թվականի հունիսին լրացված հայտարարագրում Կոնստանտին Վարդանյանը չի նշել, որ իր կինը՝ Ալբինա Վարդանյանը, ռեժիսոր է և տիրապետում է Parvana հեռուստաընկերության 100% բաժնետոմսներին, որը հիմնադրվել է 2015 թվականին:

Գեորգի Զմոյան

Նինոծմինդայի Սակրեբուլոյում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ

Գեորգի Զմոյանը 2020 թվականի հոկտեմբերին լրացված հայտարարագրում չի նշել, որ նա 2011 թվականից զբաղեցնում է «Ջավախքի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիայի» տնօրենի պաշտոնը: Համաձայն «Պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի` քաղաքացիական ծառայողին թույլատրված չէ այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավունքի իրավաբանական անձ ներկայացնող հաստատությունում:

Անդրանիկ Կարապետյան

Նինոծմինդայի սակրեբուլոյում «Վրացական երազանք–պահպանողականներ» խմբակցության նախագահ

2020 թվականի օգոստոսին լրացված հայտարարագրում Անդրանիկ Կարապետյանը չի նշել, որ ինքը 2011 թ.-ից անհատ ձեռներեց է:

Դավիթ Դուրգարյան

Նինոծմինդայի Սակրեբուլոյում «Վրացական երազանք–Երիտասարդություն» խմբակցության նախագահ

Դավիթ Դուրգարյանն իր հայտարարագրում, որը լրացվել է 2021 թվականի փետրվարին, չի նշել, որ ինքը 2016 թվականից անհատ ձեռներեց է հանդիսանում:

Վաղինակ Արզումանյան

Նինոծմինդայի Սակրեբուլոյում «Վրացական երազանք-մեծամասնականներ» խմբակցության նախագահ

2020 թվականի սեպտեմբերին լրացված հայտարարագրում Վաղինակ Արզումանյանը չի նշել, որ իր կինը՝ Անի Արզումանյանը, 2013-ի մարտից անհատ ձեռներեց է:

Transparency International Georgia-ն ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների 2020-2021 թվականների 144 աշխատողների հայտարարագրերը: Խախտումներ և անճշտություններ են արձանագրվել 49 հայտարարագրերում: Բացահայտվել է նաև անհամատեղելի գործունեության 27 դեպք: TI-ից նաև նշում են այն փաստի կարևորության մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունները ներգրավված են պետական գնումների մեջ:
| Print |