Նորություններ
Գերմանիայում չպատվաստվածների համար կարող են սահմանափակումներ գործել
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար հնարավոր են նոր սահմանափակումներ: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Անգելա Մերկելի վարչակազմի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ Գերմանիայում նոր մեկուսացում չեն նախատեսում սահմանել, այնուամենայնիվ, սահմանափակումներ կլինեն միայն չպատվաստվածների համար: Նրանց կարող են արգելել այցելել ռեստորաններ, կինոթատրոններ կամ մարզադահլիճներ:

Բրաունը շեշտել է, որ պատվաստումը կարևոր է ծանր հիվանդություններից պաշտպանելու համար, և պատվաստված մարդիկ ավելի շատ ազատություններ կունենան, քան չպատվաստվածները: Նա նաև շեշտել է, որ այդ քաղաքականությունն օրինական կլինի, քանի որ պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների առողջության համար:

Այս հարցը հակասությունների տեղիք է տվել հենց Մերկելի քրիստոնյա դեմոկրատների կուսակցությունում: Մերկելին կանցլերի պաշտոնում հավանական փոխարինող Արմին Լաշետը հայտարարել է, որ նա այս պահին դեմ է պարտադիր պատվաստման ցանկացած ֆորմալ կամ ոչ պաշտոնական պահանջներին: Ըստ նրա՝ մարդկանց վրա հարկավոր է անուղղակի ճնշում գործադրել այդ հարցում, որպեսզի նրանք պատվաստվեն:

Գերմանիայում տարածվում է կորոնավիրուսի առավել վարակիչ «Դելտա» շտամը, և քաղաքական գործիչները քննարկում են որոշակի մասնագիտությունների, այդ թվում՝ բուժաշխատողների պարտադիր պատվաստման հնարավորությունը, սակայն մինչև այժմ նման պահանջ չի սահմանվել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է երկրի բնակչության 60 տոկոսից ավելին, լիովին պատվաստված է բնակչության 49 տոկոսը:
| Print |