Նորություններ
Բժիշկը գումարի դիմաց պատվաստումը հաստատող կեղծ սերտիֆիկատ է տվել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետեւ երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ եւս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրեւ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու եւ պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել եւ օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:

2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն եւ Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի եւ Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նշենք, որ Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն նշում է, որ ՊՇՌ թեստավորման և պատվաստումների քարտերի կեղծման ընդամենը մի քանի դեպք կա: Նախարարն արձագանքել է «Երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության տարածած Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից ՊՇՌ թեստերի և պատվաստումների հետ կապված փաստաթղթերի հնարավոր կեղծման վերաբերյալ տեղեկատվությանը:

Ինչպես նշել է Տիկարաձեն, Առողջապահության նախարարությունը իրավասու չէ ուսումնասիրել այս հարցը, այլ գերատեսչություններ զբաղված են փաստերի ուսումնասիրությամբ:

«Առողջապահության նախարարությունը չի կարող ձեզ կոմպետենտ պատասխան տալ կեղծված փաստաթղթերի վերաբերյալ: Այլ գերատեսչություններ ներգրավված են մեզ օգնելու բացահայտել նմանատիպ փաստերը հետևաբար, իրենց կողմից կա արձագանքման բաղադրիչ: Նրանք արձագանքում են. «Կան եզակի դեպքեր», – ասել է առողջապահության նախարարը:
| Print |