Լուրեր
Հայաստանում կորոնավիրուսից ևս երկու մարդ է մահացել
Հայաստանում կորոնավիրուսից չի հաջողվել փրկել ևս երկու հիվանդի։

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն», — հաղորդել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը Հայաստանում հասել է 16–ի։ Մահացածների միջին տարիքը 74,8 է։

Ապրիլի 14–ին գրանցվել է վարակման 28 նոր դեպք։ 54 մարդ ապաքինվել է։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 1067 մարդու։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 265 մարդ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իրավիճակը․

«Երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Սրանք շատ կարևոր վիճակագրական տվյալներ են։ Առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջանալու դեպքերը․․․ Ընդհանուր առմամբ, ավելի շատ լավ լուրեր ունենք, քան վատ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մեր զգոնությունը թուլանա․․․ Այս վիճակագրությունը թույլ է տալիս մեզ ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը․․․ Շատ բան է կախված յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունից»։

Վերջին օրերին երկրում զգալիորեն ավելացվել է անցկացվող թեստերի քանակը։ Իշխանությունները հայտարարում են, որ այժմ օրական հազար մարդու թեստավորելու հնարավորություն կա։

Երկուշաբթի օրվանից արտակարգ դրության պարետատունը չեղարկել է տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները։ Մասնավորապես, աշխատավայրեր են վերադարձել վերամշակող արտադրությունների աշխատակիցները, շինարարներն ու ճարտարապետները։

Այդ առնչությամբ վարչապետը գործատուներին կոչ է արել հակահամաճարակաբանական հատուկ միջոցներ ձեռնարկել։ Օրվա ընթացքում պարետատունը նրանց լրացուցիչ խորհրդատվություն կտրամադրի այդ առնչությամբ։

Jam.news
| Print |