Լուրեր
Վրաստանը եղբայրական երկիր է, ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. Փաշինյանը՝ Վրաստանի կողմից աջակցության առաջարկի մասին
Հայաստանը կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրման պահից սերտ համագործակցություն է ունեցել Վրաստանի հետ: Այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին:

«Կորոնավիրուսի համաճարակի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ՝ վարչապետից մինչև նախարարներ: Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Այնպես, ինչպես կարող ենք մեր գործողություններով նպաստել, որ վերակենդանացման բաժանմունքներում շատ հիվանդներ չլինեն, նույնպես կարող ենք անել քայլեր, որ աջակցության կարիքը չունենանք: Միաժամանակ պետք է երկուստեք միմյանց օգնելու պատրաստակամություն ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ «Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, և դա ընդհանուր սպառնալիք է։ Մենք մեր հարևանների Վրաստանի, Իրան, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- հայտարարեց վարչապետը:
| Print |