Լուրեր
Ջավախքից օգնություն Հայաստանին. բեռնատարերին արգելում են հատել հայ-վրացական սահմանը (Տեսանյութ)
Ջավախքի երիտասարդները հավաքել են անվադողեր եւ սննդամթերք, որպեսզի ուղարկեն Արցախ։ Բեռնատարները այս պահին փորձում են հատել վրաց-հայկական սահմանային անցակետը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տալիս հատելու պետական սահմանը, քանի որ այդպես է թելադրում համավարակային իրավիճակը։

Սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ նախաձեռնողները այս պահին փորձում են բանակցություններ վարել, որպեսզի թույլ տան բեռնատարները հատեն սահմանային անցակետը։

Դեռ ցերեկը, Ջավախքի երիտասարդությունը անվադողեր էր հավաքագրում Արցախի սահմաններ ուղարկելու համար։ Ժամ առ ժամ ավելանում էին հավաքված անվադողերի քանակը, ինչպես նաև աճում էր սննդամթերքով օգնելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը:

Այսօր ամբողջ օրը Ախալքալաքի գյուղերում կարելի էր տեսնել երիտասարդների, ովքեր հավաքում էին անվադողեր:Երիտասարդները նշում են, որ նախաձեռնությունը բոլորինն է, ով ինչով կարողանում է՝ օգնում է: Մարդիկ են եղել, որ պատրաստակամություն են հայտնել գազար, կարտոֆիլ, կաղամբ, մակարոնեղեն և այլ սննդամթերքով աջակցել սահմանին կռիվ տվող զինվորներին:

Նշենք, որ այսօր Ախալքալաքում և Նինոծմինդայում տեղի է ունեցել կամավորների գրանցում: Ջավախքի երիտասարդությունը պատրաստակամություն է հայտնել մեկնել Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:

«Այսօրվա դրությամբ հարյուրավոր մարդիկ ուզում են գնալ Ղարաբաղ, սակայն սահմանները փակ են: Հիմա մենք կամավորներին ենք գրանցում, որ ուղարկենք Հայաստան: Մենք նաև ճշտում ենք, թե սահմանին ինչ է անհարժեշտ, որպեսզի մեր հնարավորությունների սահմաններում կարողանանք օգնել մեր հայրենիքին»,- ասաց երիտասարդներից մեկը:

Տեսանյութը տարածում է ֆեյսբուքյան օգտատեր՝  Արմեն Կարախանյանը

| Print |