Լուրեր
Ո՞ր դեպքում հարկավոր չէ պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Դժբախտաբար, ՔՈՎԻԴ-19 վիրուսի և պատվաստանյութերի մասին համացանցում ծավալուն չճշտվախ նյութեր են զետեղված։ Առողջապահական ճգնաժամի պայմաններում ապատեղեկատվությունը կարող է խուճապ և վախ տարածել, մարդկանց պիտակավորելու պատճառ դառնալ: Այն կարող է նաև հանգեցնել մարդկանց պաշտպանությունից զրկելուն, կամ վիրուսի հանդեպ առավել խոցելի դարձնելուն։ Հավաստի փաստեր և խորհուրդ ստացեք վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են առողջապահության բնագավառի լիազոր մարմինը, ՄԱԿ-ը, ՅՈւՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն (UN, UNICEF, WHO)։

Եթե տարակուսում եք, արդյո՞ք Ձեզ պետք է պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ, ապա զրուցեք բժշկի հետ։ Ստորև նշված առողջական խնդիրներով բոլոր անձինք հարկ է զերծ մնան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումից, խուսափելու հնարավոր բացասական հետևանքից. 

• եթե ծանր ալերգիկ արձագանքի նախապատմություն ունեք ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի ցանկացած բաղկացուցիչի հանդեպ,
• եթե ներկայում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդ եք կամ դրսևորում եք դրա ախտանշանները (թեև ապաքինվելուց հետո, ձեր բժշկի հավանությամբ, կարելի է պատվաստվել)։

Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

Հղի կանայք ծանր COVID-19 ստանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ոչ հղի կանայք: Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց, ովքեր ունեն COVID-19-ով վարակվելու անխուսափելի բարձր ռիսկ, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին, պատվաստվելու տարբերակները քննարկել իրենց բուժող բժշկի հետ:

Հիշեք, որ հետազոտությունները շարունակվում են, և այս խորհուրդը կվերանայվի, երբ ավելի շատ տվյալներ վերլուծված լինեն: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ավելին իմանանք: Եթե մտահոգություններ ունեք, խոսեք ձեր բժշկի հետ:

Պե՞տք է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութ ստանալ կրծքով կերակրելիս

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են կրծքով կերակրողների՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հանգամանքները, սակայն, առայժմ առկա տեղեկությունները սահմանափակ են։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստումն առաջարկել, եթե կերակրող մայրն ընդգրկված է պատվաստման գերակա խմբերից մեկում, օրինակ՝ բուժաշխատող է։ Պատվաստումից հետո կարելի է շարունակել կրծքով կերակրումը, ինչը մնում է երեխային հիվանդություններից պաշտպանելու և նրա առողջությունն ապահովելու լավագույն միջոցը։

Ես հիվանդացել-առողջացել եմ, ես դեռ պատվաստանյութի կարիք ունե՞մ:

Այո։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր COVID-19 հիվանդանալու կասկած են ունեցել կամ նրանց հիվանդությունը հաստատվել է, միևնույն է պատվաստվեն:

Դա պայմանավորված է նրանով, որ մենք դեռ չգիտենք, թե որքան ուժեղ է պաշտպանությունը, որը մարդիկ ձևավորում են COVID-19-ից վերականգնվելուց հետո, կամ որքան է այն տևում: Այդ է պատճառը, որ անգամ եթե նախկինում վարակված եք եղել կորոնավիրուսով, ապա պետք է պատվաստվեք:

Եթե ունեմ COVID-19 ախտանիշներ, ես պե՞տք է գնամ պատվաստման:

Ոչ։ Եթե ունեք COVID-19, կամ ախտանշաններ, որոնք հուշում են, որ կարող է COVID-19 ունենաք, մի՛ գնացեք պատվաստման: Քանի որ պատվաստման կենտրոնում կարող եք վիրուսը տարածել և վարակել այլ մարդկանց: Դուք կարող եք պատվաստվել վերջին անգամ COVID-19 ախտանիշներ ունենալուց 14 օր անց:

Նշենք, որ «Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «AstraZeneca»–ով, «Sputnik-V»-ով և «Սինոֆարմով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են:
| Print |