Լուրեր
Ռուսաստանը պատրաստվում է պարզեցնել վիզային ռեժիմը
Ռուսաստանը վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրեր է պատրաստում վեց երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Սիրիայի և Ինդոնեզիայի հետ։ Ինչպես պարզ է դառնում, Վրաստանը ցուցակում չկա: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։

Ավելի վաղ Իվանովը հայտնել էր, որ Ռուսաստանը նաև միջկառավարական համաձայնագրեր է պատրաստում 11 երկրների հետ անայցագիր ուղեւորությունների վերաբերյալ: Դրանց թվում են Բահրեյնը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Բահամները, Բարբադոսը, Հաիթին, Զամբիան, Քուվեյթը, Մալայզիան, Մեքսիկան, Տրինիդադ եւ Տոբագոն։

«Վիզային ռեժիմի դյուրացման փոխադարձ հիմունքներով միջկառավարական համաձայնագրերի նախագծերի մշակումն իրականացվում է Անգոլայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Սիրիայի և Ֆիլիպինների, ինչպես նաև Հնդկաստանի] հետ», – ասել է Իվանովը։

Հիշեցնենք, որ Վրաստանը միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը 2012 թվականի փետրվարի վերջին։ Սկզբում Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեին առանց վիզայի մուտք գործել Վրաստան և 90 օր մնալ երկրում։ Սակայն այսօր այդ ժամկետը երկարացվել է 1 տարով։

Փետրվարի սկզբին նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել բանաձև՝ կոչ անելով սահմանափակել ռուսաստանցիների առանց վիզայի մնալը երկրում։ Դա արվել է Ուկրաինայում Պուտինի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Վրաստան ռուսների ներհոսքի հետ կապված հասարակական ընդվզման ֆոնին։


| Print |