Մանրամասներ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փորձի վերաբերյալ
Ախալքալաքում համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեկ անձի դեմ մեղադրանք է առաջադրվել: Ռոբերտ Թոփալյանի գործով հետաքննությունը, բացի 19-108-րդ հոդվածից, կշարունակվի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է ապօրինի զենք կրել։
Դատարանը խափանման միջոցը կքննարկի վաղը՝ մայիսի 12-ին։
Թե ինչն է դարձել Խուլգումոյում բնակվող Ռոբերտ և Սոկրատ Թոփալյանի առճակատման պատճառը, գյուղում դժվարանում են այդ մասին խոսել։ Տեղացիներն ասում են, որ նրանց միջև երբևէ կոնֆլիկտ չի եղել։ Սակայն, չի բացառվում, որ վեճը կարող էր սկսվել ֆինանսական հողի վրա:
Ինչպես պարզվում է, միջադեպին նախորդել է հեռախոսազրույց, որի ընթացքում պետք է համաձայնեցվեին հանդիպման մանրամասները։ Գործի քննության ընթացքում ձերբակալվածի մոտ եղել է հրազեն, դանակ և մահակ, ենթադրաբար նրան նույնպես վիրավորվել է այս մահակով։
Մահափորձի մեջ մեղադրվողի փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Թոփալյանը ծեծի է ենթարկվել։ Նրան արդեն հետազոտել են։
Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նա բուժումը շարունակում է Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում։ Ինչպես պարզաբանել են բուժհաստատությունում, նրա առողջական վիճակը ծանր է, բայց կայուն։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում հնչել էին կրակոցներ, արդյունքում մոտ 60 տարեկան տղամարդը վիրավորել էր համագյուղացուն։ Նա ունի վեց վերք, որոնցից չորսը՝ հրազենային, երկուսը՝ դանակով։