«Մեր պարտքն ենք կատարում»,- Ախալցիխեում հիշատակեցին սուրբ նահատակների հիշատակը
Ախալցիխեում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվեց ավանդական երթը։ Մասնակիցների խոսքով՝ նրանք ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը:
Քաղաքացիները հավաքվել են Ռաբաթիում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղից երթով շարժվել են դեպի ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Խաչքարի բարձունք։
1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:
Ցեղասպանության սկզբից ուղիղ մեկ ամիս անց Օսմանյան կայսրության դեմ պատերազմող Դաշնակիցները (Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա) համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրութաբանության մեջ ներառելով «հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումը։ Դաշնակիցները զգուշացրին թուրքական կառավարությանը, որ պատերազմից հետո հետամուտ են լինելու հայերի կոտորածների բոլոր մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու եւ պատժելու իրենց հանձնառությանը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել Ցեղասպանություն եզրույթը։
1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցույցերն ընթանում են մինչ օրս, ամեն տարի, ապրիլի 23-ին և 24-ին:
Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։ Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք պարագլուխները 1918-ի աշնանը փախան Գերմանիա։ Հիմնական դերակատարներից ոչ մեկը չխուսափեց արդար դատաստանից։
108 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի բնաջնջումը 19-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր, որի հետևանքներն ու հիշողություններն անջնջելի են մինչ օրս:





