Նորություններ
Լեռնային Ղարաբաղում զոհված ջավախահայի դին տեղափոխել են Նինոծմինդա
Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության զոհ է դարձել Նինոծմինդայի բնակիչ՝ Սարգիս Աղջոյանը:

Այսօր, Հոկտեմբերի 20-ին, 33-ամյա տղամարդուն Նինոծմինդա տեղափոխեցին:

Պատերազմի առաջին իսկ օրվանից իր զինվորների հետ միասին եղել է առաջնագծում՝ շարունակ պայքար տանելով թշնամու ագրեսիայի դեմ։ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական կողմի կրակը հասավ նաև նրան։ 

Սարգիս Հովհաննեսի Աղջոյանը ծնվել է 1987թ. Նինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղում, ապրել ՝ Նինոծմինդա քաղաքում։

Միջնակարգ կրթությունը ստացել է քաղաքի թիվ 1 հայկական դպրոցում ՝ լինելով հանգիստ,բարի խելոք վարքագծով երիտասարդ։Դպրոցը ավարտելուց հետո այնքան շատ էր սիրում զինվորական կյանքն ու մայր հայրենիքը, որ բարձրագույն կրթությունը շարունակեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Մինչ օրս անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին ու պաշտպանում հայրենի սահմաները։

Սարգիսը իր ծնողների ավագ որդին է, ունի նաև մեկ քույր ու մեկ եղբայր։ Ամուսնանալով Արցախյան հայուհու հետ՝ բնակություն էր հաստատել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Իր սիրելի կնոջ հետ միասին մեծացնում էին իրենց զույգ բալիկներին։

Երիտասարդ հերոսն արդեն 15 տարուց ավելի լինելով զինվորական և հրամանատար, արժանացել է բազմաթիվ, գովասանագրերի, մեդալների ու կոչման։

Մայոր-հրամանատարը մասնակից է եղել ապրիլյան պատերազմին, որտեղ իր ջոկատի հետ միասին մարտընչել է ադրբեջանական զորքի դեմ:

Տեղացիները պատմում են, որ Բավրա գյուղի սահմանի մոտ հավաքվել են առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Զոհված հերոսի դին հայկական կողմը հասցրել է մինչև սահման և ապա փոխանցել նրանց: 

«Մոտ 2 000 մարդ էինք հավաքված, ովքեր դին Բավրայից մինչև Արագյալ տեղափոխեցինք: Սարգիսին լավ էինք ճանաչում: Նրան կհուղարկավորենք հայրենի գյուղում»,- ասում է Սամո Մնոյանը: 

Հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվել է Սեպտեմբերի 27-ին, ռազմադաշտում նահատակվել են հարյուրավոր հայ զինվորներ:

| Print |