Նորություններ
Հայաստանը մտադիր է արբանյակների արտադրություն հիմնել
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում հիմնել արբանյակների արտադրություն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ընդամենը երկու ամիս առաջ պաշտոնական Երևանը հայտնել էր, որ տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին արբանյակը: Խաչատրյանն ասում է՝ հավակնոտ նպատակներ են դնում ու ձգտում հասնել դրանց:

Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Նախարարը տեղեկացրել է, որ ներկա պահին բանակցում են հիմնական գործընկերոջ՝ իսպանական Satlantis-ի հետ, սակայն բաց են նաև նոր համագործակցությունների համար:

Satlantis-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում 2013 թ.-ին, մեկ տարի անց կենտրոնակայանը տեղափոխվել է Իսպանիա։

2022 թ.-ի մայիսի վերջին հայկական պետական «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական և իսպանական Satlantis ընկերությունների համագործակցության արդյունքում է տիեզերք արձակվել Հայաստանի առաջին արբանյակը:

Հայաստանի երկրորդ արբանյակը՝ շուտով

ԲՏԱ նախարարը վստահեցրել է ՝ հավակնոտ ծրագրերը շարունակական են լինելու: Փակագծերը բացել, սակայն, չի ցանկացել:

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի երկրորդ արբանյակը տիեզերք կարձակվի մոտ ապագայում.

«Երկրորդը լինելու է նույնպես նկարներ անող արբանյակ։ Ժամկետներ չեմ կարող ասել, 2023 թվականի, 2024 թվականի մոտակայքում կլինի»:

Խոսելով առաջին արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծման մասին՝ Խաչատրյանն ասել է, որ սարքավորումների մատակարարումը մեկնարկել է, զուգահեռ իրականացնում են մասնագետների վերապատրաստում:
| Print |