Նորություններ
Գլոբալ միջին ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակի վրա է եղել
Եվրոպական միության Կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարին գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 1,6 աստիճան Ցելսիուս, ինչը նշանակում է, որ վերջին 12 ամսում մոլորակը գերազանցել է 1,5 աստիճանի նշագիծը։

«Կոպեռնիկուսի» տվյալներով՝ 2024 թվականի հունվարն ամենատաքն է եղել նախորդ տարիների համեմատ։

Համաձայն Կոպերնիկուսի զեկույցի՝ 2024 թվականի հունվարին մակերևութային օդի միջին ջերմաստիճանը կազմել է 13,1 աստիճան, ինչը 0,7 աստիճանով գերազանցում է 1991-2020 թվականների հունվարի միջին ցուցանիշը։ Սա նաև 0,12 աստիճանով բարձր է 2020 թվականի հունվարի ամենատաք ցուցանիշից:

Զեկույցում նշվում է, որ 2024 թվականի հունվարը 1,66 աստիճանով ավելի տաք է եղել, քան 1850-1900 թվականների միջին հունվարը։ Կազմակերպությունը նաև հայտնում է, որ վերջին տասներկու ամիսների գլոբալ միջին ջերմաստիճանը ռեկորդային բարձր է և 0,64 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։

BBC-ն գրում է, որ երկարաժամկետ տաքացման միտումը, անկասկած, պայմանավորված է մարդու ակտիվությամբ՝ հիմնականում հանածո վառելիքի այրման արդյունքում։ Վերջին ամիսներին կլիմայի բնական տաքացման երևույթը, որը հայտնի է որպես «Էլ Նինո», նույնպես առաջացրել է օդի ջերմաստիճանի լրացուցիչ բարձրացում։
| Print |