Լուրեր
Ախալքալաքում 27-ամյա տղա են սպանել. Ծեծկռտուք, 4 այրված տուն, ջարդված մեքենա
Օգոստոսի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ տեղի են ունեցել ավերածություններ՝ ծեծկռտուք, հրդեհ, կրակոցներ,  սպանություն: Սպանվել է 27-ամյա տղա:  

Երիտասարդների բազմությունը կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Jnews լրատվականը:

Ավերածությունները սկսվել են Կուլիկամ գյուղի երիտասարդի սպանության պատճառով:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ, կամ նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ավելի լայնամասշտաբ տեսք են ստացել:

Երիտասարդների մի խումբը Ախալքալաքում վառել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը: Այս իրադարձությունների արդյունքում սկսվել են նաև կրակոցներ, որտեղ և մահացել է 27-ամյա երիտասարդ տղան:

27-ամյա երիտասարդը մահացել է կրակոցի արդյունքում: Հիվանդանոցում ասում են, որ երբ շտապ օնգության անձնակազմը հասել է դեպքի վայր, տղամարդն արդեն մահացած է եղել: Բժշկական հաստատություն հասնելուց հետո դրսում գտնվող մեքենաներից մեկը նույնպես միտումնավոր վնասել են: 

Նախնական տվյալների համաձայն, գյուղի երիտասարդները փորձել են վրեժ լուծել համագյուղացու սպանության համար: Հավանական է նաև այն փաստը, որ գյուղի երիտասարդները բաժանված են եղել խմբերի, քանի որ ոստիկանությունը նրանց քայլերը կանխել չի կարողանում:

Ամբոխը Մաշտոցի փողոցում ևս մեկ տուն է հրկիզել: Ավելի վաղ հրդեհվել էին նաև Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում գտնվող տները: Նշենք, որ այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Հենց վերոհիշյալ հյուրանոցն էլ հրդեհվել էր առաջինը:

Տեղում աշխատում են ՆԳՆ-ի և հատուկ ծառայությունների աշխատակիցները: Օգնող անձնակազմին միացել են նաև Ախալցիխեի հրշեջ-փրկարարական գործակալության աշխատակիցները, ծառայողական մեքենաներով, ոստիկանական բաժանմունքի ծառայողներն ու Սամցխե-Ջավախքի նահանգապետ՝ Բեսիկ Ամիրանաշվիլին: 


| Print |