ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի ախտանշանները։
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենավաղ ախտանշաններն են.
- կոկորդի ցավ,
- մեջքի ցավ,
- քթի փակվածություն,
- գլխացավ,
- հոգնածություն,
- փռշտալ,
- գիշերային քրտնարտադրություն
- մարմնի ցավեր:
Հաշվի առնելով, որ «Օմիկրոնի» ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և բարդություններից խուսափելու նպատակով։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանվելու ամենալավ տարբերակը Covid-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափն է: Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները: