Մեծ Բրիտանիան մինչեւ 2022թ․ վերջը կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը
Մեծ Բրիտանիան մինչեւ 2022թ․ վերջը կդադարեցնի ռուսական նավթի եւ նավթամթերքների ներկրումը։ Այս մասին հայտարարել է բիզնեսի եւ էներգետիկայի նախարար Քվասի Քվարթենգը։
«Այս անցումը շուկային, բիզնեսներին եւ մատակարարման շղթաներին ավելի քան բավարար ժամանակ կտա, որպեսզի փոխարինեն ռուսական ներմուծումը, որը Մեծ Բրիտանիայի պահանջարկի 8 տոկոսն է կազմում»,- գրել է նա Twitter-ում: «Ընկերությունները պետք է օգտագործեն այս տարին՝ սահուն անցում ապահովելու համար, որպեսզի սպառողները չտուժեն: Կառավարությունը նաեւ ընկերությունների հետ նոր Նավթային նպատակային խմբի միջոցով կաշխատի, որպեսզի օգնի նրանց այս ժամանակահատվածն այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար օգտագործել»:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան նավթի եւ նավթամթերքների խոշոր արտադրող է, գումարած՝ զգալի պաշարներ ունի։ «Բացի Ռուսաստանից, մեր ներմուծման ճնշող մեծամասնությունը գալիս է վստահելի գործընկերներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Նիդեռլանդները եւ Պարսից ծոցի երկրները: Մենք այս տարի նրանց հետ կաշխատենք՝ հետագա առաքումները ապահովելու համար: Շուկան արդեն սկսել է օտարել ռուսական նավթը, որի գրեթե 70 տոկոսի համար չեն կարողանում գնորդ գտնել։ Վերջապես, թեեւ Մեծ Բրիտանիան կախված չէ ռուսական բնական գազից, որը կազմում է մեր մատակարարումների 4 տոկոսը, ես այս ամենին ամբողջովին վերջ դնելու տարբերակներ եմ ուսումնասիրում»: