Ուկրաինայի գլխավոր շտաբը, մարտի 9-ի առավոտվա դրությամբ, ռուսական կողմի կորուստների մասին.
- անձնակազմ՝ ավելի քան 12 000 մարդ,
- ինքնաթիռներ՝ 49 միավոր,
- ուղղաթիռներ՝ 81 միավոր,
- տանկեր՝ 317 միավոր,
- զրահամեքենաներ՝ 1070 միավոր,
- հրետանային համակարգեր՝ 120 միավոր,
- ՀՕՊ միջոցներ՝ 28 միավոր,
- Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 56 միավոր,
- ավտոցիստեռներ՝ 60 միավոր,
- ավտոտեխնիկա՝ 482 միավոր,
- նավեր և նավակներ՝ 3 միավորանօդաչուներ՝ 7 միավոր։
Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտարարել է, որ այսօր, Կարմիր Խաչի հովանու ներքո, կկազմակերպվի հումանիտար միջանցք Էներգոդարից դեպի Զապորոժյե։
Ուկրաինայի հարավ-արևելքում Դոնեցկի Հանրապետության և Ռուսաստանի զորքերը շարունակում են ճնշում գործադրել Մարիուպոլի և շրջակա բնակավայրերի ուղղությամբ։ Այստեղ նույնպես ուկրաինական կողմը շատ ծանր կացության մեջ է։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ։
Խերսոնի մարզի Չերնոբաևկա գյուղի բնակիչները պնդում են, որ հարբած ռուսական զինվորականները կրակել են խաղաղ բնակչության ուղղությամբ։
Ազատություն ռադիոկայանին տեղացիները պատմել են, որ հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ռուսական զինվորականները թալանել են գյուղի խանութը։ Ալկոհոլի օգտագործումից հետո, որը վերցրել էին խանութից, ռուսաստանցիները սկսել են կրակել տների ուղղությամբ։ Նշվում է, որ նրանք սպանել են տղամարդկանց, որոնք իրենց հետ վեճի էին բռնվել։ Զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում։ Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, հայտնի չէ։
Չերնոբաևկայի մոտ գտնվում է Խերսոնի օդանավակայանը, որտեղ, ինչպես պնդում են ուկրաինացի զինվորականները, վերջերս ոչնչացվել է 30 ռուսական ուղղաթիռ։
Ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերին դուրս են մղել Դերգաչի քաղաքի շրջանում գտնվող բազայից (Խարկովից 16 կիլոմետր հեռավորության վրա), որտեղից հրթիռակոծվում էին Խարկովի արվարձանները։
Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը, Ազգային գվարդիայի և տարածքային պաշտպանության ուժերի հետ, հակահարձակման են անցել դեպի հակառակորդի հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիրքեր, որոնք պարբերաբար հրթիռակոծում էին Խարկով քաղաքի արվարձանները։ Անհաջող դիմադրությունից հետո, թշնամին փախուստի դիմեց, ընդ որում թողնելով ռազմական տեխնիկան»,- նշվում է հայտարարության մեջ։
Վերջինիս խոսքով՝ ռուսական զորքերը հեռացել են Բելգորոդի ուղղությամբ գտնվող անտառներ։