COVID-19-ի ծանր ընթացքի հավանականության նոր պատճառ է հայտնաբերվել
Research Square սերվերում հրապարակված վերջին հետազոտության մեջ գիտնականները հայտնում են, որ տիզերի խայթոցների հետեւանքով առաջացած Borrelia վարակի կամ Լայմի հիվանդության պատմություն ունեցող պացիենտները COVID-19-ը ծանր տանելու ավելի բարձր ռիսկի են ենթարկված:
Լայմի հիվանդությունը կամ բորելիոզը կենդանածին հիվանդություն է, որն առաջանում է Borrelia burgdorferi բակտերիայից, որը մարդկանց փոխանցվում է տիզերի խայթոցի միջոցով։ Լայմի հիվանդության բնորոշ ախտանիշները ներառում են մաշկի ցան, ջերմություն, գլխացավ, մկանային ցավ եւ հոգնածություն:
Այլ վարակների ախտանիշների նմանության պատճառով Լայմի հիվանդությունը հաճախ չի ախտորոշվում եւ չի բուժվում: Սա մեծացնում է վարակի տարածման ռիսկը մարմնի այլ մասերում, ներառյալ՝ հոդերը, սիրտը եւ նյարդային համակարգը:
Borrelia-ի մի քանի անտիգեների դեմ առաջացած հակամարմինների հայտնաբերումը Լայմի հիվանդության ախտորոշման հիմնական մեթոդն է: Սակայն քանի որ այս հակամարմինները կարող են պահպանվել արյան մեջ նույնիսկ հակաբիոտիկներով հաջող բուժումից հետո, սերոլոգիական թեստը բավարար չէ վերջին եւ անցյալ վարակները տարբերելու համար:
Լայմի հիվանդությունը եւ COVID-19-ն ունեն գրիպի նման ախտանիշներ:
COVID-19 համավարակի ժամանակ Լեհաստանում դիտարկվել է Լայմի հիվանդության դեպքերի թվի նվազում։ Դա կարող է պայմանավորված լինել բացօթյա ակտիվության նվազմամբ՝ համավարակի հետ կապված տեղաշարժի սահմանափակումների հետեւանքով: Սակայն կա մեկ դեպք, որը նկարագրում է, որ Borrelia վարակով եւ COVID-19-ով հիվանդի մոտ հակաքովիդային դեղամիջոցների ընդունումը հանգեցրել է Լայմի հիվանդության ճնշման:
Հաշվի առնելով այս դիտարկումները՝ ներկա հետազոտության մեջ ուսումնասիրվել է, թե կարող է արդյոք Borrelia վարակն ազդել COVID-19-ի կլինիկական ընթացքի վրա:
Ուսումնասիրվող խումբը ներառել է ինչպես ծանր հիվանդների, այնպես էլ թեթեւ կամ աանախտանիշ COVID-19 ունեցողների:
Պացիենտներից վերցվել են շիճուկի նմուշներ՝ սուր սուր շնչառական համախտանիշով կորոնավիրուս 2 (SARS-CoV-2) եւ Borrelia վարակի սերոլոգիական նույնականացման համար:
Ընթացիկ հետազոտությունը ցույց է տվել, որ Borrelia բակտերիայի հետ նախկինում շփումը կարող է մեծացնել ծանր COVID-19-ի զարգացման ռիսկը։ Գիտնականները պարզել են, որ տիզերի խայթոցների հետեւանքով առաջացած վարակների այլ տեսակներ, ինչպիսին է Anaplasma վարակը, նույնպես կարող են լինել ծանր COVID-19-ի զարգացման հավանական ռիսկի գործոն: