Ռուսաստանը կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի վրա. Ուկրաինական ԶԼՄ
Ռուսաստանը կամիկաձե անօդաչու սարքերով հարձակում է սկսել Կիևի վրա, պայթյունների ձայները դեռ լսվում են,- այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, քիչ առաջ Կիևում դեռ պայթյունների ձայներ են լսվել։ Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մարդկանց կոչ է անում մնալ ապաստարաններում։
Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի տեղեկություններով, լուսադեմին անօդաչու սարքերով հարձակում է իրականացվել Կիևի կենտրոնի վրա։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ պայթյունները տեղի են ունեցել Շևչենկոյի շրջանում։ Արդյունքում շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղում մոբիլիզացված են շտապօգնության ծառայությունները։
Սոցցանցերում տեղեկություն է տարածվում, որ Կիևի մարզի տարբեր բնակավայրերում կամիկաձե անօդաչու սարքեր են նկատվել։ Նրանցից մի քանիսը գնդակոծվել են ուկրաինացի զինվորականների կողմից։ Անօդաչու թռչող սարքեր են նկատվել նաև Չերկասիի մարզում։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյուններ են լսվում նաև Օդեսայում։ Մինչ այդ քաղաքում օդային հարձակման ահազանգ է հնչել։
Միևնույն ժամանակ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Ռուսաստանը հրթիռային հարձակումներ է իրականացրել Դնեպրոպետրովսկի, Սումիի և Զապորոժիայի շրջանների վրա, որտեղ վնասվել են կրիտիկական ենթակառուցվածքները։ Արդյունքում այս մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կան։