Մենք խոր ճգնաժամի մեջ ենք, և ամենից շատ անհրաժեշտ է կայունություն - Զուրաբիշվիլի
«Մնալու եմ նախագահի պաշտոնում, որովհետև այս երկրին անհրաժեշտ է կայունություն։ Ամեն ինչ փլուզվում է։ Այս երկրում «Վրացական երազանքի» կառավարման պայմաններում այլևս չկա ոչ մի անկախ հաստատություն, բացի նախագահի ինստիտուտից։ Մնացած բոլոր հաստատություններում գերիշխում է միակուսակցական կառավարումը, իսկ կուսակցության ներսում՝ միանձնյա կառավարումը»,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է BBC-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են դուրս գալիս փողոց բողոքի ցույցեր անցկացնելու։
«Բայց ավելի կարևոր և անսովոր է այն, որ մարդիկ լքում են հանրային ծառայությունները՝ նախարարությունները, տարբեր հաստատությունները։ Նորություն է Վրաստանի համար նաև այն, որ բոլոր քաղաքներում տեղի են ունենում ինքնաբուխ բողոքի ցույցեր։ Նախկինում բողոքի ցանկացած ձևի կենտրոնը միշտ Թբիլիսին էր։ Քաղաքական կուսակցությունները չեն մտել և չեն մտնելու խորհրդարան։ Այսպիսով, մենք խոր ճգնաժամի մեջ ենք, և մեզ ամենից շատ անհրաժեշտ է կայունություն։ Կարծում եմ՝ ես առաջարկում եմ այդ կայունությունը անցումային շրջանի համար, քանի որ այն, ինչի համար մարդիկ փողոցում պահանջներ են ներկայացնում և բողոքում, նոր ընտրությունների անցկացումն է, որպեսզի այս երկիրը վերադառնա եվրոպական ուղուն»,- նշել է նախագահը։
Հարցին, թե ինչ կլինի, եթե «Վրացական երազանք»-ը անտեսի այդ պահանջը, նախագահը պատասխանել է.
«Իսկ ինչ կլինի, եթե մենք անտեսենք նրանց։ Կարծում եմ՝ դա այն է, ինչ այս մարդիկ անում են փողոցներում։ Չնայած նրանց դեմ կիրառվող բռնությանը, նրանց վճռականությունը չի փոխվում»,- նշել է նախագահը։
Նա ընդգծել է, որ երկրին անհրաժեշտ է կայունություն և ընտրությունների նախապատրաստում, և որ անցումային շրջանը պետք է լինի որքան հնարավոր է կարճ և կայուն: