«Ռուսական օրենքի ընդունումը կվնասի Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացին». ԶԼՄ-ներ և հասարակական կազմակերպություններ
Հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցների ներկայացուցիչների մի մասը դեմ են «Ժողովրդական իշխանության» նախաձեռնած արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծին և նշում են, որ «ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ»։
Այս մասին ասված է հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ։
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, կտրականապես դեմ ենք արտաքին ազդեցության գործակալների վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած օրինագծին, որին իրենց աջակցությունն են հայտնել խորհրդարանի նախագահը և մեծամասնության մյուս անդամները։ Մենք կարծում ենք, որ ռուսական այս օրենքի ընդունման փորձն ուղղված է ոչ միայն ազատ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քննադատական լրատվամիջոցների, այլ նաև Վրաստանի բնակչության դեմ։ Այս օրենքը նպատակ ունի թողնել անպաշտպան բռնության զոհ դարձած երեխաներიն ու կանանց, հաշմանդամություն ունեցողներին, փոքրամասնություններին, գիտնականներին, աշխատողներին և երիտասարդներին, օգնություն չտրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, հանքափորներին, ապօրինի աշխատանքից ազատվածներին, տեղահանվածներին, անօթևաններին, ազատության մեջ սահմանափակվածներին և իրենց իրավունքների համար պայքարող այլ անձանց, չլուսաբանել բարձրլեռնային և այլ շրջաններում ապրող մարդկանց ձայնը, ովքեր միայն տեղական, անկախ լրատվամիջոցների միջոցով են հանրությանը տեղեկացնում իրենց ծանր վիճակի մասին։
Այս օրենքի նախագիծը պատասխան է բռնության, կոռուպցիայի, անօրինականության և ընտրովի օրենքի հարյուրավոր փաստերի, որոնք ուսումնասիրում և հրապարակում են հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները։ Ռուսաստանում նմանատիպ օրենքի ընդունումից հետո բազմաթիվ կազմակերպություններ հրաժարվեցին այն իրականացնել և փակվեցին։ Նրանք, ովքեր շարունակում էին գործել, դարձան աճող վերահսկողության, ոտնձգությունների և բռնաճնշումների զոհ: Ռուսական օրենսդրությունը Վրաստանի ընտրությունը չէ, որի համար մենք տասնամյակներ շարունակ պայքարում ենք։ Այս օրինագծի ընդունումը հարձակում կլինի վրացական հիմնական արժեքների՝ արժանապատվության զգացման, անկախության և քաղաքացիական համերաշխության դեմ։ Բացի այդ, օրինագծի ընդունումը լրջորեն կվնասի Եվրոպայի հետ երկրի ինտեգրման գործընթացին, այդ թվում՝ կխոչընդոտի Վրաստանի առաջընթացին ԵՄ անդամակցության ուղղությամբ, որի անդամ պետություններից ոչ մեկում չի գործում նմանատիպ օրենք։ Բացի այդ, անհնար կլինի կիրառել այս օրենքը՝ չպատճառելով անչափելի վնաս Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներին»,- ասված է որոշ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարության մեջ։