Նորություններ
Մամ, հացը կուլ չի գնում, տղաները կռիվ են տալիս. գաղտնի պատերազմի մեկնողը (Տեսանյութ)
Հայ առաքելական եկեղեցու դպիր Տարոն Գիվարգիզյանն ընտանիքից գաղտնի կամավոր մեկնել էր ռազմաճակատ։ Տարիներ առաջ՝ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ, Տարոնի ծառայությունը կիսատ էր մնացել ծանր վնասվածքի պատճառով։


«Տարոնը երկու ամիս էր ծառայել, քանի որ զորավարժության ընթացքում ոտքի լուրջ վնասվածք էր ստացել։ Զինվորական հանձանաժողովը որոշեց զորացրել Տարոնին, և զինգրքույկի մեջ նշվեց, որ ենթակա չէ զորակոչման անգամ պատերազմի ժամանակ։ Մինչ նա անընդհատ կրկնում էր, որ պատերազմ լինի անպայման գնալու եմ»,- NEWS.am- ի հետ զրույցում պատմեց Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը։

Տարոնը զբաղվել էր բռնցքամարտով և կարատեով, նվագում էր դաշնամուր։ Բացի եկեղեցում դպիր լինելուց աշխատում էր որպես ավտոէլեկտրիկ:

«Մեծ հույսեր էինք կապում իմ բալիկի հետ, կոտրեց մեզ։ Այնքան բարի էր, բոլորին հասնող, աշխատասեր։ Աշխատանքից գալիս էր ու եկեղեցական գրքեր էր կարդում։ Եթե տխուր էի լինում, Նարեկացու գիրքն էր բերում ու ասում էր՝ տատ ջան, այս հատվածը կարդա հոգիդ կթեթևանա։ Ասում էր՝ տատ ջան բանակս կիսատ մնաց, ես դեռ պարտք ունեմ հայրենիքիս։ Ինքը հայրենիքը վեհ դասեց իր ընտանիքից։ Ինքը որոշեց իր ճակատագիրը»,- նշեց Տարոնի տատիկը՝ Համեստ Հակոբյանը։

Տարոնը, ավտոբուսի մեջ թաքնվելով էր սեպտեմբերի 29-ին մեկնել ռազմաճակատ և այնտեղից զանգահարել մորը:

«Սեպտեմբերի 27-ի երեկոյան եկավ տուն, հաց էր ուտում, կիսատ թողեց, ափսեն հրելով ասաց՝ կուլ չի գնում, տղաներն այնտեղ՝ մարտի դաշտում, կռիվ են անում, ես այստեղ՝ տաք տան մեջ, հաց եմ ուտում։ Ասացի՝ Տարոն ջան, արի գնանք արյուն տալու, շատ խիստ հայացքով նայեց ինձ ու ասաց՝ մամ, կանայք են արյուն տալիս, տղամարդիկ գնում են կռվի։ Ավտոբուսի մեջ թաքնվելով՝ մեկնել է ռազմաճակատ։ Արյունից շատ էր վախենում, բայց մարտական ընկերները պատմում են, թե ինչպես էր մարտի դաշտից միանգամից դուրս բերում վիրավորներին։ Ասաց՝ մամ տնից մեկ հոգի պետք է գնան, չթողնես պապան գա։ Ասացի՝ եթե հասել ես այնտեղ ու այսքանն ասում ես՝ ուրեմն Աստված ձեզ հետ, տղաս»,- ավելացրեց Լաուրա Սարգսյանը։

Տարոն Գիվարգիզյանը կռվել է Հադրութում, Ֆիզուլիում, ապա՝ Մարտունիում։ Նա զոհվել է հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։ Տարոն Գիվարգիզյանը դեկտեմբերի 29-ին կդառնար 25 տարեկան:
| Print |