Էստոնիայի կառավարությունը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար վիզային պահանջ է սահմանել։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ սա Եվրամիության կողմից ընդունված որոշում է, որը յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր օրենսդրության մեջ իրականացնի։
«Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզային պահանջի ներդրումը ևս մեկ քայլ է ցույց տալու, որ միջազգային հանրությունը, այդ թվում Եվրամիությունը, համաձայն չէ սովորական մարդկանց, ցուցարարների և լրագրողների դեմ ճնշումներին, ոստիկանության անպատժելիությանը և քաղաքացիական հասարակության լռեցմանը Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի կողմից», – հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Նրա խոսքով, ԵՄ-ում քննարկվում է նաև բիոմետրիկ անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի սահմանափակում մտցնելու հարցը։
Նշենք, որ Էստոնիայի արտգործնախարարությունը դեռևս մարտի 3-ին տեղեկացրել էր, որ Վրաստանի 83 քաղաքացու արգելվել է մուտք երկրում։