Քաղաքականություն
Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 270 մլն եվրո
ԵՄ-ն ցանկանում է ՀՀ–ի հետ քննարկել կանաչ էներգիայի, Սև ծովի հատակով անցնող մալուխի, միջուկային էներգետիկայի և ավիացիայի, փախստականներին տրամադրվող օգնության, ինչպես նաև «ժողովրդավարական բարեփոխումների» և «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու» հարցերը:

Եվրոպական միությունը 4 տարվա կտրվածքով Հայաստանի զարգացման համար 270 մլն եվրո գումար կտրամադրի։ Այս մասին հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ անվտանգության երաշխիքներին առնչվող հարցեր չեն քննարկվելու: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ժողովրդավարությանն ու տնտեսությանը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով` ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին զարգացման ծրագիր մշակելու հարցում, և այդ միջոցները կհատկացվեն բիզնեսին աջակցելու, նորարարությունների զարգացման և արտաքին շուկաներ դուրս գալու համար։ ԵՄ–ն պատրաստ է նաև ներդրումներ անել տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերում` ներառյալ Սև ծովի հատակով անցնող մալուխը։

Նրա խոսքով` դա կօգնի «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա։ ԵՄ-ն կաջակցի Հայաստանում դրա գեներացման, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միացման հզորության բարձրացման ներդրումներին։ Տեխնիկական աջակցություն կցուցաբերվի նաև պետական ապարատի զարգացմանը, ինչի կապակցությամբ նա ողջունեց Փաշինյանի կառավարության` ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։

«Մենք նաև ողջունում ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները շրջանցելու դեմ գործողությունները, որպեսզի վստահ լինենք, որ մահաբեր սպառազինությունն ու սարքավորումները չեն հայտնվում ռուսական զինված ուժերի ձեռքում»,– ասաց ֆոն դեր Լյայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով` դա ցույց է տալիս, որ ԵՄ-ն և Հայաստանը մերձենում են արժեքների և շահերի հարցում։

Վերջում նա հայտարարեց, որ ժամանակն է նոր էջ գրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների երկար պատմության մեջ:
| Print |