Գյուղատնտեսություն
Փոքր Պամաջի «անկովիդ» իրականությունը
Ախալցիխեից մոտ 12կմ հեռավորությամբ գտնվող գյուղում ապրում է 150 ընտանիք: Ախալցիխե-Վալե կապող կենտրոնական ճանապարհից դեպի Փոքր Պամաջ թեքվելուն պես կտեսնեք քրտնաջան աշխատանքի արդյունքը, որն աշնանը զարդարում է բոլոր բակերը։ Սամցխե-Ջավախքի գյուղերում հիմա հավաքում են ամբողջ տարվա ապրուստը: Այնտեղ, որտեղ ոռոգման ջրի խնդիր կա, հիմնականում կախված են եղանակից։ Չնայած նրան, որ այս տարի բերքահավաքի ժամանակ գրեթե միշտ անձրևում էր, ֆերմերները չեն դժգոհում: Կարտոֆիլը, մեղրն ու կաթնամթերքը բավական են մինչև գարուն գոյատևելու համար։
«Երբ պետք է անձրևեր, շոգ էր, իսկ բերքահավաքի ժամանակ, ամբողջ շաբաթ հորդառատ անձրև էր տեղում: Այդ իսկ պատճառով, չհավաքեցինք այնքան բերք, որքան սպասվում էր, բայց միևնույն է, կհերիքի: Անցած տարվա համեմատ, կարտոֆիլի գինն էլ նորմալ է: Անցած տարի 40 թեթրի արժեր, հիմա մեկ լարի է»,- ասում է Սիլվա Մովսեսյանը:

Ոռոգման համակարգի շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի համար տեղացիները վճարում էին ժամում 5 լարի։ Սակագները բարձրացել են, ուստի դեռ չգիտեն, թե հաջորդ տարի ինչ կարժենա։ Նրանք հիշում են, որ նախկինում իրենց հողերը ջրում էին ժամը երեք լարիով։ Նրանք նաեւ խմելու ջրի խնդիր ունեն։ Սրա պատճառն, ըստ փոքր պամաջցիների, այն է, որ Վալեն ու իրենց գյուղը օգտվում են նույն գծից։ Ջուրը երկու շաբաթ տրվում է Վալեին, իսկ մեկ շաբաթ Պամաջին: Նրանց անհանգստացնում են նաև կենցաղային այլ խնդիրներ, ուստի ամենաքիչ կարևորություն տալիս են կորոնավիրուսին։ Աշուն է, և նրանք շատ անելիքներ ունեն։ Առավոտից երեկո ոչ ոքի չեն հանդիպում, սա այն «երկաթային» փաստարկն է, որով արդարացնում են պատվաստվելուց հրաժարվելը: Կորոնավիրուսի դեմ պատվաստվել չեն պատրաստվում անգամ ձմռանը:

«Ես առողջ եմ, ինչի՞ս է պետք պատվաստումը: Պետք է պատվաստվեն նրանք, ովքեր վատառողջ են»,- պնդում է Սամվել Սողոմոնյանը:

«Կա՞ մեկը, ով չի վարակվել կորոնավիրուսով: Գյուղում շատերս էինք վարակված, առանց ախտանշանների, բայց հիմա բոլորս լավ ենք, ինչների՞ս է պետք պատվաստումը: Մենք սարի մարդիկ ենք, ուտում ենք բնական սնունդ և շնչում մաքուր օդ»,- ավելացնում է Կարինա Օվակիմյանը:

Աղանիկ Հովհաննեսյանն ապրում է կնոջ և երեխաների հետ: Ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Պատվաստվել չի պատրաստվում: Որովհետև չի ցանկանում: Նրա կինը սրտի վիրահատություն է տարել մեկ ամիս առաջ: Հովհաննեսյանների համար սա ևս մեկ «փաստարկ» է, որպեսզի ընտանիքից ոչ ոք չպատվաստվի:

Այս տարվա բերքից գոհ է: Կարտոֆիլի գինն էլ նրա համար ընդունելի է: Covid19-ին չի հավատում: Համագյուղացիների նման, նա էլ չի պատրաստվում պատվաստվել, քանի որ «սնվում է բնական արտադրանքով և բնականաբար պաշտպանված է վիրուսից»։

«Առավոտից երեկո աշխատում ենք, ունեմ նաեւ կով, այծ, մեղու։ Անընդհատ անձրև էր գալիս, ուստի այս տարի շատ մեղր չունենք։ Շատ ենք աշխատում, երբեմն բերքը լավ է լինում, երբեմն՝ ոչ, բայց ի՞նչ կարող ենք անել: Ֆիզիկական աշխատանքը մարդուն դարձնում է ավելի առողջ։ Կյանքումս ասեղ չեմ սրսկվել, ոչ էլ պատվաստումն եմ կատարելու, ինձ պետք չէ: Ամեն առավոտ խմում եմ մի երկու բաժակ, սա էլ քո դեզինքեկցիան է»,- ասում է Անդրանիկ Բաբայանը:

Կորոնավիրուսից շատ, նրանց անհանգստացնում է գյուղում հասարակական տրանսպորտի պակասը: Սա նրանց շատ հարցերում է խանգարում: Դժվարանում են ստացված բերքը հասցնել Ախալցիխեի շուկա, Ախալցիխեում դիմել բժշկի օգնությանը, երիտասարդները – գնալ պարապմունքների...

«Քաղաքի հետ կապ ենք ուզում, ովքեր չունենք մեքենա, ի՞նչ անենք: Կանոնակարգերը պահպանում եմ, վիրուսից վախենում եմ, բայց դեռ չեմ պատվաստվել: Եթե լինի պարտադիր, կպատվաստվեմ: Դեռ ոչ ոք գյուղ չի եկել, ոչ ոք ոչինչ չի բացատրել, առաջինը դուք եք, ով մեզ հետ խոսեց պատվաստման մասին»,- ասում է Հայկ Մուտաֆյանը:
Հերթական կարևոր խնդիրը, որը անհանգստացնում է տեղացիներին, միգրացիայի աճն է։ Վերջին տարիներին Փոքր Փամաջի բնակչությունը գրեթե կրկնակի նվազել է։ Գյուղի հոգաբարձու՝ Կառլեն Կարախանյանը միգրացիան բացատրում է նրանով, որ երիտասարդները Ռուսաստան արտագնա աշխատանքի, տեղի գործարար Մարտին Պապոյանի մոտ են գնում: Գործարարն ունի արևածաղկի գործարաններ, որտեղ հիմնականում աշխատում են պամաջցիները: Նոր ասֆալտ, եվրոպական չափանիշներով կառուցված դպրոց, քարե լողավազան, երիտասարդների համար ստեղծված ֆուտբոլի դաշտ, այս ամենը Փոքր Պամաջում կապված է գործարարի անվան հետ։ Այնտեղ ծնված և մեծացած տղամարդը ընտանիքի նման հոգ է տանում գյուղի մասին:

Գևորգ Սահակյանը աշխատելու համար հիմնականում գնում է Ռուսաստան, կամ Հայաստան: Երևանից տուն է վերադարձել մեկ ամիս առաջ:

«Պամաջ վերադարձա մեկ ամիս առաջ, չեմ պատվաստվել և ոչ էլ պատրաստվում եմ: Հայաստանում էլ չեն պատվաստվում, անգամ չգիտեմ, թե Երևանում ինչ պատվատանյութեր կան, ոչ էլ հետաքրքրվում եմ»,- պատմում է Գևորգ Սահակյանը:

Պամաջի բնակիչները առավոտից երեկո աշխատում են արտերում, իսկ գիշերը, հիմնականում, դիտում են այն ալիքները, որոնք հեռարձակում են նրանց համար հասկանալի լեզվով: Ստեփանե Սոլոմոնյանը տանն ունի երեք անտենա – հայկական, վրացական և ռուսական: Նա նախընտրում է հայկական և ռուսական լրատվամիջոցները, բայց սիրում է սպորտը և դրա պատճառով երբեմն դիտում է վրացական ալիքներ։

«Տանը հայկական, վրացական և ռուսական ալիքների համար ունեմ առանձին անտենաներ: Առաջին հերթին դիտում եմ հայկական ալիքները, հետո վրացական և երբեմն՝ ռուսական: Հիմնականում սպորտով եմ հետաքրքրված: Հեռուստացույցի համար ժամանակ ունեմ միայն գիշերը, քանի որ ամբողջ օրն աշխատում եմ, բայց չեմ պատվաստվելու, որովհետև շատ առողջ մարդ եմ և չեմ հավատում այս հիմարություններին»,- ասում է Ստեփանե Սոլոմոնյանը:

Գյուղում խոսեցինք 20 մարդու հետ և այս մարդկանցից միայն երկուսը նշեցին, որ վիրուսը գոյություն ունի և նրանք հետևում են պատվաստվածների առողջական վիճակին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարեն ճիշտ որոշում:

«Վարակը գոյություն ունի և պետք է զգույշ լինենք, որ մեզ չփոխանցվի: Պատվաստված չեմ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստվում եմ պատվաստվել։ Տեսնենք, ինչ արդյունք կլինի այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստվել են, դեռ հետևում եմ իրավիճակին և ըստ դրա կորոշեմ»,- ասում է Արման Գասպարյանը:

Վայրը, որտեղ գյուղի մեծահասակները քննարկում են «երկրի» իրադարձությունները

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում քաջատեղյակ են Սամցխե-Ջավախքում պատվաստումների հանդեպ տրամադրվածության մասին։ Կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամկրելիձեն պարզաբանում է, որ պատվաստումների մարաթոնի շրջանակում նա կայցելի տարածաշրջան և տեղացիներին տեղեկատվության տրամադրման հիման վրա կփորձի վստահեցնել պատվաստվել։

«49 խոշոր գյուղերում, որտեղ ավելի քան 3 հազար բնակչություն կա, այնտեղ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, նախարարության, հանրային առողջապահության և Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն անցկացնում են աշխատանքներ: Անցնում են դռնից դուռ և հորդորում, հրավիրում պատվաստվել: Եթե ասեմ, որ ակտիվությունը շատ մեծ է, կեղծ կլինի: Նպատակը գյուղական բնակչությանն էլ ավելի շատ տեղեկատվություն տրամադրելն է։ Այս գյուղերից յուրաքանչյուրում պատվաստվում է բնակչության 10-15 տոկոսը՝ հիմնականում քաղաքային կենտրոններ այցելելով։ Մենք պատվաստեցինք լրացուցիչ 1200 մարդ: Մարաթոնը մեկնարկեց Շիդա և Քվեմո Քարթլիում , մեկնարկեց նաև Կախեթիում, Մցխեթա-Մթիանեթիում: Երևի, չորեքշաբթի ես կգնամ Սամցխե-Ջավախքի մեծ գյուղեր: Այսօր Իմերեթիում մեկնարկած մարաթոնին ներկա են Պաատա Իմնաձեն և Խաթունա Զախաշվիլին»,-ասում է Ամիրան Գամղրելիձեն:

Որքանով կկարողանա Ամիրան Գամղրելիձեն համոզել Փոքր Պամաջի նման գյուղի բնակչությանը, որ նրանք պետք է պատվաստվեն, ցույց կտան հանդիպումների արդյունքները: Առկա խնդիրներով զբաղված մարդիկ այսօր բոլորովին չեն կարծում, որ իրենց առողջությունն ու կյանքը վտանգված է, ու միակ փրկությունը պատվաստումն է։
| Print |