Հասարակություն
Բեմադրություն թե նախազգուշացում Հենզել Մկոյանին. Ընդդիմության գնահատականները
«Վրացական երազանքի» պատգամավոր՝ Հենզել Մկոյանի եղբայր Մարտուն Մկոյանն ասում է, որ մինչև հիմա իրավապահները չեն կապվել նրանց հետ, չեն ստացել տուժողի կարգավիճակ և ոչ էլ ականատեսներն են հարցաքննվել: Դեպքը կապում է նրա եղբոր ՝ Հենզել Մկոյանի գործունեության հետ և ասում է, որ նա, որպես գործարար, որևէ մեկի հետ խնդիր չունի: Նա ամեն տարի պետությանը վճարում է 2 միլիոն լարի և թշնամիներ չունի:

«Իմ եղբայրը 20 տարի խորհրդարանի անդամ է, ընտրությունները մոտենում են, և սկսել են պայքարել: Թե ինչ վիճակում է պետությունը դուք էլ եք տեսնում` կրակոցներ, պայթյուններ և այլ հանցագործություններ են տեղի ունենում և ի՞նչ է անում այս պահին ոստիկանությունը: Գնում էի ՀԷԿ-ի մոտ, լավ է, որ իմ մեքենան կրկնակի ապակեպատված է, հակառակ դեպքում գուցե ես այսօր կենդանի չլինեի», - պատմում է Մարտուն Մկոյանը ՝ ասելով, որ հաճախ երեխաների հետ շրջում է այն ճանապարհով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը:

Մեքենայի պայթյունը բեմադրություն է համարում Մարտի 24-ի միջադեպի մասնակից՝ Սամվել Պետրոսյանը: Նախկին ոստիկանը կարծում է, որ ազդեցությունը կորցրած և անզոր պատգամավորը փորձում է ուշադրություն գրավել և քաղաքական ապաստան հայցել:

«Առնվազն երկու կասկածելի հանգամանք կա. Հենզել Մկոյանն ասում է, որ պայթյունից ցնցվել են անգամ շենքերը, այդ դեպքում, երբ անգամ կոտրված ապակի չկա: Երկրորդը՝ ասում են, որ հեռակառավարման համակարգով են պայթեցրել: Նախ, ով է հաստատել սա և երկրորդը ՝ անհնար է, որ համակարգի մնացորդներ չլինեին: Համոզված եմ, որ առջևում կունենանք ավելի շատ անակնկալներ, քանի որ նա ինչ-որ բան է մտածել և հետևում է այդ ծրագրին», - ասում է Սամվել Պետրոսյանը:

«Եվրոպական Վրաստանում» դեպքը գնահատվում է որպես համակարգային խնդիր: Կուսակցության Ջավախքի գրասենյակում կարծում են, որ Նինոծմինդա-Ախալքալաքում ընթացիկ իրադարձությունները Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարության արդյունքն են, որտեղ նա կոչ է անում քաղաքացիներին հասկացողությամբ մոտենալ հանցագործության աճի հարցին:

«Հենզել Մկոյանն ինքն այժմ պատասխաններ է պահանջում այն մարդկանցից, ովքեր նախկինում չեն արձագանքել նրա գործունեության վերաբերյալ: Ոստիկաններն ուղղված են դեպի ընտրական գործընթացը, այլ ոչ թե հանցագործությունների կանխարգելմանը», - ասում է Արսեն Կարապետյանը:




Իշխող կուսակցության պատգամավոր` Հենզել Մկոյանն ասաց, որ պայթուցիկը դրվել է ծառի մոտ և հեռվից հետևել են մեքենայի երթևեկությանը:

«Մեքենայի հայտնվելուն պես պայթեցրին, որի հետևանքով եղբայրս լսողության խնդիրներ ունեցավ: Երկու օր է, նրա մեքենան ես էի վարում, կարծում էին, որ այսօր էլ ես կլինեմ», - ասում է Հենզել Մկոյանը: Միջադեպի վերաբերյալ Խորհրդարանի անդամը հայտարարում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում նրա վրա հարձակվում և սպառնում են: Նա հիշում է «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցչի հետ կրակոցները, որը տեղի է ունեցել Ախալքալաքի կենտրոնում:

Կարծում է, որ իր դեմ պայքարը սկսվել է Սամվել Պետրոսյանի հետ դիմակայությունից և շարունակվում է մինչ օրս:

«Թե ում է ձեռնտու այս ամենը՝ կգրեմ կտակում: Ես շատ բան գիտեմ»:

Մեքենայի պայթյունը տեղի է ունեցել Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի հարակից տարածքում: Պայթյունի հետևանքով վնասվեցին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր լսողական ընկալիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 229-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցանքը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով:





| Print |