«Եթե ոչինչ չփոխվի, ես իմ տեղը Վրաստանում չեմ տեսնում»,- Նարինե Գինոսյան
17:37 / 19.08.2024
Նարինե Գինոսյանը, Ջավախեթիում, տեղական հասարակական կազմակերպությունների հետ միասին, 1997 թվականից զբաղվում է կանանց և երիտասարդների զարգացման ու հասարակության մեջ ինտեգրացիայի հարցերով։ Նա պատմում է, որ 27 տարվա ընթացքում, օտարերկրյա աջակցությամբ իրականացրել է բազմաթիվ կարևոր նախագծեր և ստացել ցանկալի արդյունքներ։
Նարինե Գինոսյանը Նինոծմինդայի «Երիտասարդական կենտրոնի» ղեկավարն է։ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքից» հետո նա դեռևս չգիտի, թե ինչպես կշարունակի իր աշխատանքը։ Փոխարենը, հաստատ գիտի, որ չի գրանցվի ռեեստրում որպես օտարերկրյա շահերի կրող կազմակերպություն։
«Բազմամյա աշխատանքի արդյունքում ես որպես «գործակալ» չեմ գրանցվի։ Շատ վատ վիճակ է, կսահմանափակվի ազատ միտքը, ոչ կառավարական կազմակերպությունները շղթայաբար կկապվեն բոլոր կազմակերպությունների հետ, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Ռուսաստանում է»,- ասում է Նարինե Գինոսյանը։
Նրա միակ հույսը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն են։ Նա կարծում է, որ այս իրավիճակից երկիրը դուրս կբերի բազմակուսակցական իշխանությունը, որը կունենա հավասար իրավունքներ, և պետությունը չի նմանվի խորհրդային ժամանակների Վրաստանին։ «Այս օրենքը հազար տարով հետ կտանի։ Մենք նորից կհիշենք խորհրդային ժամանակների Վրաստանը և կնմանվենք այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ։ Եթե ընտրություններով էլ ոչինչ չփոխվի, ապա բոլոր կազմակերպությունները կփակվեն, և մենք էլ կդադարեցնենք աշխատանքը, իսկ այդ դեպքում ես այլևս իմ տեղը Վրաստանում չեմ տեսնում, պարզապես անհնար կլինի այստեղ աշխատելը»,- ասում է Նարինե Գինոսյանը։Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։