Լուրեր
Հայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ
Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը:

Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

Հայաստանը շեշտում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ: «Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի լուրջ խախտումներ է թույլ տվել», ասված է հայցադիմումում:

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները: Հայցվորն Ադրբեջանին մեղադրում է մասնավորապես վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածները խախտելու համար և նշում, որ Բաքվի այդ խախտումներին վերջ դնելու՝ Երևանի հետագա բոլոր ջանքերն ապարդյուն են եղել:

Հետևաբար, Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը:

Հայցվորը նաև Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է «ծայրաստիճան հրատապությունից» ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ «պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը»: Համաձայն Հաագայի դատարանի կանոնակարգի՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ:
| Print |