Լուրեր
Արջերը Ջավախքում անցնում են գյուղից գյուղ
Վերջին օրերին արջը որոշել է հերթով «այցելել» Ախալքալաքի շրջանի Կարծախ, Խավեթ, Դադեշ և այլ գյուղեր: Հետաքրքիր զուգատիպությամբ արջը բոլոր գյուղերում նույնչափ մեղր է ուտում, քանդում փեթակներն ու հեռանում:
Խավեթում արջն առաջին անգամ չէ, որ հյուրընկալվում է: Այստեղ կատակում են՝ մանրամասների համար կարող եք զանգել արջին:

Լիպարիտ Պետրոսյանի փեթակները տեղադրված են իր սենյակի պատուհանից ընդամնեը 3 մետր հեռավորության վրա։ Արջը 13 փեթակից, միայն 3-ն է կերել, մի քանիսը քանդել ու հեռացել։

«Հետքերով գնացինք մինչև դաշտեր երևում էր, խոտերի մեջ արդեն կորցրինք հետքը, որ նայում ես նվազագույնը 300-400 կգ քաշով արջ է եղել»,- ասում է նա։

Ընդհանուր առմամբ Լիպարիտը կրել է 500-600 լարիի վնաս։

Իսկ Կարծախում արջը մտել է Բագրատ Մոսոյանի մեղվանոց: Նրա խոսքով, արջը ժայռից է իջել ու ավիրել իր մեղվանոցը: Այստեղ ևս երեք փեթակ է կերել, մի քանիսը քանդել ու սատկացրել մեղուներին:

Կարծախում Մոսոյանների ընտանիքը միակն է, որ մեղու են պահում: Նա 1000-1500 լարիի վնաս է կրել: Ընդհանուր 25 փեթակ ունի:
| Print |