Լուրեր
Որո՞նք են «կապիկի ծաղիկի» ախտանշանները, Վարակաբան
Կորոնավիրուսի նման, արագ և հեշտությամբ տարածվեց նաև «կապիկի ծաղիկը», որի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է հունիսի 15-ին։ 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է «կապիկի ծաղիկի» հաստատված 6027 դեպք։ 

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին, նշում է վարակաբան՝ Քեթինո Ջինճվելաձեն: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):
Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։
| Print |