Լուրեր
Ցույցի արդյունքում տուժածներից մեկը կորցրել է տեսողությունը
Հանրահավաքի ժամանակ վիրավորված քաղաքացիներից Զազա Բիրիաշվիլին կորցրել է մի աչքի տեսողությունը։ Բիրիաշվիլին խորհրդարանի մոտ մարտի 7-ին բողոքում էր ռուսական օրենքի դեմ։

Նրա կինը՝ Մայա Գորգոշիձեն, «Publika»-ի հրապարակմանը հայտնել է, որ ամուսինը գտնվում է ծանր վիճակում՝ բացի տեսողության կորստից, ունի ուղեղի ցնցում և դեմքի վնասվածքներ։ Մայա Գորգոշիձեն ասում է, որ իր ամուսինը մարտի 7-ին ի նշան բողոքի գնացել է հանրահավաքի։ Իսկ մարտի 8-ին, լուսադեմին, երբ հանրահավաքը սկսեց ցրվել, նա ծանր վիրավորվեց։

«Աչքը փրկել են, բայց տեսողությունը՝ ոչ, ուղեղի ցնցում ունի, ունքը պատառոտված է, երեւի թունավորված է, շատ վատ է զգում իրեն, հիմա դուրս ենք գրվել ու տուն ենք գնում, բայց առողջ մարդ դուրս է եկել տնից և կուրացած տանում եմ տուն»,- ասում է Մայա Գորգոշիձեն։

«Պուբլիկա»-ն գրում է, որ նա բուժում էր անցնում «Նյու հոսպիտալում» և այսօր դուրս է գրվել։ Կնոջ խոսքով՝ վիրահատության ծախսերը փոխհատուցելու համար իրենք պայմանագիր են կնքել, որ գումարը կվճարվի մեկ ամսից։ Մայա Գորգոշիձեն ասում է, որ հավանաբար կդիմի խորհրդին՝ գումարը խնդրելու համար։

Այսօր այս թեմայի շուրջ հարց է ուղղվել ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Թեյմուրազ Կուրտանիձեին. Նա ասաց, որ կոնկրետ փաստի վերաբերյալ տեղեկություն չունի։ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել: Տեղեկության համար՝ ոչ Գոմելաուրիի գրասենյակը, ոչ էլ Առողջապահության նախարարությունը մինչ այժմ չեն հրապարակել տուժածների ընդհանուր թվի մասին տեղեկությունը։
| Print |