Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է, որ արդեն 100 օր է, ինչ լրագրող Մզիա Ամաղլոբելիին անօրինական կերպով կալանավորել են։ Նա դարձել է մամուլի ազատության խորհրդանիշ՝ տարածաշրջանում անկախ մամուլի վրա աճող ճնշումների ֆոնին։
Մզիա Ամաղլոբելին սկզբում կալանավորվել էր վարչական կարգով հունվարի 11-ին, իսկ հաջորդ օրը՝ քրեական կարգով՝ ոստիկանին ապտակելու մեղադրանքով։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Իրավապաշտպանները գործը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Լրագրողը 38 օր հացադուլ էր հայտարարել, տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա ընտանիքն ու միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ «Միջազգային մամուլի ինստիտուտը» (IPI), պահանջում են նրա ազատ արձակումը։