Տնտեսություն
Ե՞րբ է Վրաստանում էժանանալու վառելիքը. նախարարի պարզաբանումը
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Լևան Դավիթաշվիլին և Լաշա Խուցիշվիլին այսօր հանդիպել են վառելիքի վաճառքով զբաղվող խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել նավթամթերքների սպառողական շուկայում առկա իրավիճակը։

Ինչպես նշվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվության մեջ, հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ազգային մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն, քննարկվել են վառելիքի շուկայի կանխատեսումները, մրցակցային խնդիրներն ու մարժան նվազագույնի հասցնելու հնարավորությունները։

Լևան Դավիթաշվիլիի և Լաշա Խուցիշվիլիի հանդիպումները ցանցային ընկերությունների ներկայացուցիչների հետ վառելիքի գների վերաբերյալ տեղի են ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ։

Փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի տեղեկություններով՝ մասնավոր հատվածի հետ միասին քննարկվում են վառելիքի շուկայում մրցակցության խնդիրները, ինչպես նաև վառելիքի մատակարարման էժան աղբյուրների որոնումը, որը կարող է ապահովել վառելիքի ներկայիս գների իջեցումը գազալցակայաններում:

Նրա իսկ խոսքով, կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին ակտիվ աշխատում է և քննարկում գների իջեցման առավելագույն հնարավորությունները։

Բացի այդ, տեղեկատվության մեջ նշվում է, որ հանդիպմանը մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն ներկայացրել է նավթամթերքների շուկայի մոնիտորինգի արդյունքները։

Ինչպես նշվեց, կարևոր է վառելիքի շուկայում ավելի բարձր մրցակցություն ունենալը:  Ընկերությունների հետ քննարկումները կշարունակվեն, թե ինչպես կարելի է հասնել այս նպատակին և ինչպես կարող են խոշոր ընկերությունները սպառողներին վառելիք առաջարկել շատ ավելի մատչելի գնով:

Լեւան Դավիթաշվիլիի խոսքով, կառավարությունն ակնկալում է, որ ընթացիկ ամսվա վերջում վառելիքի գները զգալիորեն կնվազեն։
| Print |