Ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթեցնելու փաստով` սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Դուգինին պատկանող մեքենայի ղեկին եղել է նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան, նա մահացել է:
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որից Դարյան մեքենայով հեռացել է միայնակ։
Կիևը հայտարարել է, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շեշտել է.
«Ես ընդգծում եմ, որ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է և առավել ևս՝ ահաբեկչական»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դուգինը 2021-ին հայտարարել էր «Մենք (Ռուսաստանը) օգնեցինք Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ՝ զոհաբերելով մեր դաշնակցին (Հայաստանին): Հիմա Բաքվի հերթն է իր խոստումները կատարել…»: Դավաճանություն, որը հրապարակայնորեն ճանաչվել է Ռուսաստանի հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մտերիմ մարդու կողմից։ Նշենք, որ Նարիշկինն ինքը ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հավատարիմ ընկերն է։
Ալեքսանդր Դուգինը հայտնի է որպես «եվրասիական» դոկտրինի քարոզիչ, որը Եվրոպայի և Ասիայի միջև Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող մի տեսակ դաշինք է: Նա 2014 թվականից ի վեր Եվրամիության պատժամիջոցների թիրախում է, որոնք ընդունվել են Վլադիմիր Պուտինի բանակի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Վերջին տարիներին Ուկրաինան նաև արգելել է վաթսունամյա քարոզչի գրքերը, վերջինս ստացել էր «Պուտինի Ռասպուտին» մականունը։