Կրոն
Ախալցիխեում նշվեց Վարդավառը (Տեսանյութ)
Այսօր նշվում է Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը, որը կրում է ավանդական բնույն և Ախալցիխեում նույնպես ամեն տարի այս օրը երեխաներն ու մեծահասակները միմյանց ջրում են մաքուր ջրով:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ ավետարանի՝ Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Հիսուս առաքյալներին պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
| Print |