Առողջապահություն
Աշխարհում ավելի քան 40 հազար մարդ հիվանդացել է խոլերայով. ԱՀԿ
Խոլերայով հիվանդացածների թիվը 2023թ. գերազանցել է 700 հազարը, իսկ 2024թ. հունվարին արդեն հիվանդացել է ավելի քան 40 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գնահատելով աշխարհում այդ հիվանդության հետագա տարածման վտանգը որպես շատ բարձր։

Խոլերայի տարածման կայունությունն «ակնհայտ է դարձել 2024թ. սկզբին. միայն հունվարին 17 երկրներից ստացվել են տեղեկություններ 40,9 հազար դեպքերի եւ 775 մահվան ելքերի մասին»։ Այս հիվանդությունը տարեսկզբից գրանցվել է ԱՀԿ վեց շրջաններից չորսում՝ Աֆրիկայում, Արեւելյան Միջերկրածովում, Ամերիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում։ Հիվանդացության բռնկումը հատկապես ուժեղ է Զամբիայում եւ Զիմբաբվեում։

«ԱՀԿ-ում հիշեցրել են, որ 2023թ. 30 երկրներում գրանցվել է խոլերայի ավելի քան 708,2 հազար դեպք, մահացել է ավելի քան 4,3 հազար մարդ։ Ինը պետություններում հիվանդացածների թիվը գերազանցել է 10 հազարը։ Կազմակերպության տվյալներով՝ 2022թ. աշխարհում հայտնաբերվել է խոլերայով հիվանդացության 472 697 դեպք, 2021թ.՝ 223 370։

«Խոլերայի դեմ գլոբալ պայքարի վրա նախկինի պես ազդում է օրալ պատվաստանյութերի (OCV) սուր անբավարարությունը»,- նշել են ԱՀԿ-ում։ 2023թ. հունվարից 2024թ. հունվար ընթացքում OCV-ի պահանջը կտուկ ավելացել է. 14 երկրներ խնդրել են 76 մլն չափաբաժին, այն դեպքում, երբ կար ընդամենը 38 մլն չափաբաժին։

2023թ. հունվարին ԱՀԿ-ն աշխարհում խոլերայի տարածումը որակել է որպես «երրորդ կարգի արտակարգ վիճակ», ինչը արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակն է։ «Հաշվի առնելով բռնկումենի քանակը եւ աշխարհագրական տարածումը, ինչպես նաեւ պատվաստանյութերի եւ այլ ռեսուրսների անբավարարությունը, ԱՀԿ-ն շարունակում է գլոբալ մակարդակում ռիսկը գնահատել որպես շատ բարձր», ներկա տարածումը «նախկինի պես որակվում է որպես երրորդ կարգի արտակարգ իրավիճակ»։

Խոլերան հատկապես վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է խոլերայի վիբրիոններով։ Այն առաջ է գալիս օրգանիզմում սննդի կամ ջրի հետ հարուցչի հայտնվելով։
| Print |