Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջողառում է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։
Նախկին Թավալան, այսօր՝ Քուրթուլուշը, այն շրջանն էր, որտեղ 20-րդ դարասկզբին հայ մտավորականների ձերբակալությունները նախաձեռնվել և իրականացվել են առավել ինտենսիվ: Հիշատակի միջոցառումը տեղի է ունեցել «Կանաչների» և «Ձախ ապագա» կուսակցության նախաձեռնությամբ։ Կանաչների ձախ կուսակցության պատգամավորի թեկնածու Հասան Ջեմալն իր ելույթում ասել է, որ Հրանտ Դինքից է տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին եւ 2017-ին իր հրատարակած գիրքը կրում է Հայոց ցեղասպանություն անունը։
«Սիրելի Հրանտ Դինքի ցավն ինձ ծանոթացրեց հարազատ հայ ժողովրդի ցավի հետ։ Հրանտ Դինքի շնորհիվ ես սկսեցի հասկանալ այս հողի ոչ այնքան լավ էջերը։ 2017 թվականին իմ գրած գիրքը կոչվում է «1915 թվականի Հայոց ցեղասպանություն» և ինչպես ասացի, Հրանտ Դինքի ցավը զգացվել է գրքի գրման ժամանակ։ Ես այսօր այստեղ եմ՝ կիսելու իմ հայ եղբայրների ցավը։ Թեկնածուն նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ։ Պետք է վերջ տալ թշնամանքի և ատելության քաղաքականությանը, և ռասիզմը չպետք է հանդուրժվի»,- հայտարարել է նա։